ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինտենսիվորեն ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար ավտոճանապարհների շինաշխատանքները

Ինտենսիվորեն ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար ավտոճանապարհների շինաշխատանքները

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Անի համայնք՝ ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այցի նպատակը իրականացվող աշխատանքների վերահսկողությունն է։
 
«Գյումրի-Իսահակյան ճանապարհը մեծ նշանակություն ունի ոչ միայն նրա համար, որ հանրապետական նշանակության ճանապարհ է, այլ նաև այս հատվածի մի շարք բնակավայրերը կապող ճանապարհ է: Ըստ էության, ճանապարհի վերանորոգումը հնարավորություն կտա ժամանակ և ռեսուրսներ խնայել, գյուղի կյանքի զգալի բարելավում է: Այս հարցը չարչրկված է, երբ ամիսներ առաջ որոշակի հրահրումներով նաև քաղաքացիների դժգոհությունը կար, մենք մեր խոստումը կատարեցինք և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, ծածկն է հանվում, որից հետո ամբողջական ծավալով աշխատանքները կընթանան»,- լրագրողների հետ զրույցում նշել է Նազելի Բաղդասարյանը։
 
 
Շուրջ 15 կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է ճանապարհի վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից, այժմ քանդվում է հին պատվածքը։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը։ Մարզպետի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ սահմանված ժամկետում կտեղավորվեն: Նազելի Բաղդասարյանը կարևորել է նաև աշխատանքների որակով իրականացումը։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, Կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։
 
300 մլն 264 հազար դրամ գումար էլ Կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար: Աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
 
«Ես ուզում եմ արձանագրել, որ երկու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները, որոնց աշխատանքները մեկնարկել են, և գումարներն արդեն իսկ հատկացված են: Ընդհանուր արժեքը գրեթե 2 մլրդ 400 մլն դրամ է: Ամբողջն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, և մենք հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային ու առանց թերացումների ծախսվեն։
 
Ընդհանուր առմամբ ես ուզում եմ նշել, որ Անիի տարածաշրջանի այս հատվածները և, առավելապես, բնակավայրերը ամենաղքատն են մարզում և ուշադրության ու պետության հոգածության կարիք ունեն»,- նշել է մարզպետը և տեղեկացրել, որ տարածաշրջանի համար ևս երկու ծրագիր է ներկայացվել որպես անհետաձգելի, որոնք արդեն իսկ նախնական հավանության արժանացել են:
 
 
Առաջինը Անի Պեմզայի բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգումն է, հաջորդը Բագրավանի դպրոցի վերականգնումը՝ պատուհանների, դռների փոխումը, հարակից տարածքի որոշակի բարեկարգումը։
 
Մարզպետն այցելել է նաև Բագրավանի դպրոց, շրջել դպրոցում, խոսել ծրագրով նախատեսված առաջիկա անելիքների մասին։

  • Կիսվել: