հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչու՞ է Կառավարությունը նախկին նախագահական ինքնաթիռը նվիրել Ավիաուսումնական կենտրոնին․ «Հետք»

Ինչու՞ է Կառավարությունը նախկին նախագահական ինքնաթիռը նվիրել Ավիաուսումնական կենտրոնին․ «Հետք»

 Նախկին թիվ 1 բորտը կամ նախագահական ինքնաթիռը, որը մինչեւ 2007 թ. սպասարկում էր ՀՀ նախագահին, հունվարի 11-ին Կառավարությունը որոշել է նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին: Գրում է «Հետքը»։

Նկատենք, որ 2019-ի հունիսի 6-ին գործադիրն օդանավը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր Ավիաուսումնական կենտրոնին (ԱՈւԿ): Փաստորեն, դրանից 4,5 տարի անց Կառավարությունը որոշեց գույքն ուղղակի նվիրել ուսումնական հաստատությանը:

«Տու-134Ա-3» տիպի օդանավը (նախկին հայկական գրանցումը՝ EK-65072) 2000-ականներին սպասարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ շահագործումից դուրս բերվել 2010 թ. (2007-ին ձեռք է բերվել նոր նախագահական ինքնաթիռ՝ «Airbus A319-100 ACJ», իսկ EK-65072-ը 2007-2010 թթ. շարունակել է պետական կարիքների համար թռիչքները):

1977-ին թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործել են խորհրդային «Աէրոֆլոտն» ու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները», իսկ 1990-ականներին ձեւափոխվել է VIP բորտի:

2010-ի օգոստոսի 12-ին Կառավարությունը որոշել էր օդանավն աճուրդի հանել 600.168.000 դրամ մեկնարկային գնով (այդ պահի փոխարժեքով՝ մոտ 1.635.000 դոլար):

Երկար ժամանակ «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը 2018-ի մարտի 22-ին գործադիրի որոշմամբ ամրացվեց Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտե): Որոշման հիմք էր դարձել այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը, որով շուրջ 483 մլն դրամ գնահատված օդանավը հանվել էր նախագահի աշխատակազմի հաշվեկշռից:

Դրանից շուրջ մեկ տարի անց «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն դիմել էր իր վերադաս Քաղավիացիայի կոմիտեին, որն էլ իր հերթին դիմել էր Պետգույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով ուսումնական հաստատությանն ամրացնել կամ անհատույց օգտագործման տրամադրել այս ինքնաթիռը: Կառավարությունն էլ, ինչպես ասվեց, որոշել էր օդանավը ԱՈւԿ-ին տալ անհատույց օգտագործման իրավունքով: Այսինքն՝ այն շարունակում էր Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված մնալ:

Ինքնաթիռն ԱՈւԿ-ին հանձնելու հիմնավորումն այն էր, որ վերջինիս ուսանողներն ուսուցման ընթացքում պարբերաբար իրականացնում են պրակտիկ պարապմունքներ, ինչը նպաստում է նյութի յուրացմանը եւ պրակտիկ գիտելիքների զարգացմանը: Հաշվի առնելով այն, որ «Տու-134» օդանավը լրակազմված է, բայց չի շահագործվում, նպատակահարմար է համարվել այն օգտագործել՝ ուսումնավարժանքներ իրականացնելու համար, որոնք չեն հանգեցնի օդանավի վիճակի վատթարացմանը:

Կառավարությունը գտել էր, որ օդանավի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը ԱՈւԿ-ին կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաեւ ապագայում նոր ուսանողների քանակի եւ նոր մասնագիտությունների ավելացմանը: Ըստ այդմ՝ կենտրոնում դասավանդող դասախոսներից շատերն ունեն այդ տիպի օդանավում աշխատելու մեծ փորձ եւ կարող են ապահովել ուսանողների պրակտիկ աշխատանքների անցկացումը՝ առանց նյութական լրացուցիչ միջոցների օգտագործման:

«Հետքը» գրել էր, որ 2023 թ. աշնանը նախկին նախագահական օդանավը դուրս է բերվել «Զվարթնոցի» աերոդրոմի տարածքից եւ տեղափոխվել ԱՈւԿ-ի մոտ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: