ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Իմ քայլը» հիմնադրամը աջակցում է մարզերում մշակույթի կենտրոնների ստեղծմանը

«Իմ քայլը» հիմնադրամը աջակցում է մարզերում մշակույթի կենտրոնների ստեղծմանը

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը կամ, առավել հայտնի՝ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, եզակի պատմամշակութային կառույց է, որը՝ մարդկային ու շենքային ռեսուրսներով հանդերձ, ունի բոլոր հնարավորությունները դառնալու զբոսաշրջային մեծ այցելություն ունեցող կենտրոն՝ տեղեկացնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

«Մեծ ակնկալիքով, սպասումով դիմեցինք ՔԱՅԼ հիմնադրամի այս ծրագրին և անասելի ոգևորությամբ ընդունեցինք լուրը, որ մենք էլ ենք ընդգրկվել տասը կենտրոնների շարքում: Իսկապես լուրջ հիմնախնդիրներ ունենք շենքի հետ կապված, բայց վստահ ենք, որ այս ծրագրի և այլ հնարավորությունների դեպքում կկարողանանք առավել ֆունկցիոնալ կենտրոն ունենալ:

Շատ կարևոր ձեռքբերում է կամավորական ակումբի ձևավորումը, որտեղ հավաքվել են լուսավոր երիտասարդներ և աշխատանքները կոորդինացնելու համար ներդրել են իրենց ողջ ներուժը: Մեծ երազանք ունենք կազմակերպել տարածաշրջանային արհեստի ու արվեստի փառատոն, հույս ունենք, որ շենքի ենթակառուցվածքների վերանորոգումից հետո մեր միասնական ու նպատակասլաց թիմը կկարողանա այն կյանքի կոչել»,- նշում է Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Հասմիկ Մովսիսյանը:

Կենտրոնի աշխատակիցները դրական են գնահատում ինչպես հիմնադրամի մենթորի հետ աշխատանքը, այնպես էլ մարզերի մշակույթի տների զարգացման ծրագրի կարևոր բաղադրիչ հանդիսացող կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը միտված առցանց հանդիպումների շարքը:

«Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն մեր ու կենտրոնի, այլ համայնքի բազմաթիվ երիտասարդների համար, որ ներգրավվեցին այս պրոցեսի մեջ, ձեռք բերեցին իրենց երազանքները, մտքերն ու նպատակները կառուցվածքային արտահայտելու, նորարարական տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ: Օր օրի ավելի շատ երեխաներ են գալիս, միանում մեզ: Կարծում եմ, որ մենք կունենանք այնպիսի թիմ, որով կհպարտանա ամբողջ Ստեփանավանը: Հույս ունեմ, որ այս համախմբվածությունը, որ կա մարդկանց միջև, այն գաղափարները, որ կան այստեղ, կօգնեն ունենալ մի հրաշք կենտրոն: Իսկ ՔԱՅԼ հիմնադրամի կազմակերպած առցանց հանդիպումները շատ հետաքրքիր էին, բազմաբովանդակ, տեղեկատվությունը՝ շատ: Այս ամենը մեզ կօգնի, որ մենք մեր արած գործն ու կենտրոնն առավել արդյունավետ ու բարձր մակարդակի վրա հանրայնացնենք»,- պատմում է կենտրոնի թանգարանային բաժնի վարիչ Մարիամ Հարությունյանը:

Ճարտարապետ Սյունե Առաքելյանը կենտրոնի սաների և կամավորների համար ստեղծագործական վարժանք անցկացրեց՝ նրանց հնարավորություն տալով սեփական ձեռքերով ստեղծել իրենց երազանքի սենյակը: Մասնակիցները շատ են՝ ամենակրտսերը 7-ամյա Լևոնն է, որ կենտրոն է գալիս ավագ քրոջ հետ և մեծերից ոչ պակաս ներգրավված է կամավորական խմբի առօրյայում: «Շատ գույներ թող լինեն այդ սրահում»,- իր պատրաստած մակետը ցուցադրելով՝ նշում է Լևոնը:

Այս նախաձեռնության շնորհիվ ճարտարապետը հնարավորություն կունենա ստեղծել բոլորի պատկերացումները, մտքերը, գույներն ու երազանքներն ամբողջացնող տարածք՝ միջավայր, որտեղ կարարեն ու կերազեն, կաշխատեն ու կհամախմբվեն համայնքի երիտասարդները.

«Մենք ուզում ենք օգնել մեր համայնքի զարգացմանը, շատ հմտություններ ենք սովորել, որ կարող են մեզ ամբողջ կյանքում պետք գալ: Յուրաքանչյուրիս համար ձևավորվել է որոշակի պատասխանատվություն: Մեր մեծերն էլ գիտեն, որ համախմբվել ենք Ստեփանավանի կյանքի ռիթմը փոխելու, այն ավելի երիտասարդացնելու համար, ու մեզ ամբողջովին աջակցում են: Ակտիվ համայնք ունենալն իմ երազանքն է»,- անկեղծանում է Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի կամավոր Ալեքսը:

Ծրագրի մենթորները դեռ մի քանի ամիս կաշխատեն համայնքներում՝ և´ կամավորների, և´ կենտրոնների աշխատակիցների հետ՝ նրանցից կերտելով դրական փոփոխությունների առաջամարտիկներ:

«Հաշվի առնելով, որ Ստեփանավանում երիտասարդության համար իմաստալից ժամանցի շատ հնարավորություններ և համապատասխան հանրային տարածքներ չկան, կամավորությունը մի փորձառություն է, որը նրանք ցանկանում են դարձնել իրենց առօրյան։ Երիտասարդները սովորելու, արարելու, աշխարհի հետ հաղորդակցվելու ու, կարևորը` իրենց միջավայրը արդիականացնելու մեծ ցանկություն ունեն, որն արդեն դառնում է մտադրություն։ Ստեփանավանում պետք է աշխույժ ու հետաքրքիր անցուդարձ լինի, երիտասարդությունն ունենա հետաքրքիր ժամանցի ու սոցիալիզացիայի հարթակներ։ Անհամբեր սպասում ենք հետհամավարակային պայծառ ապագային, որ առցանց ստացած գիտելիքները կիրառենք, փորձարկենք միջոցառումների նոր ձևաչափեր և տեսնենք համայնքի, քաղաքի երիտասարդության արձագանքը։ Շուտով կհայտարարենք նոր կամավորների հավաքագրում»,- ներկայացնում է ՔԱՅԼ հիմնադրամի մենթոր Կարինե Արոյանը։

Ստեփանավանի մշակույթի տունը համապատասխան տեխնիկական վերազինումից, առաջնային նշանակության ենթակառուցվածքների հիմնանորոգումից հետո կարող է դառնալ համայնքային առաջընթացի եզակի խաչմերուկ:

«Բաց միկրոֆոն, կինոքուիզ, բենդ կամ երգչախումբ, ուրախ ու հետաքրքիր վլոգեր Ստեփանավանի անցուդարձի մասին` ահա այն ամենը, ինչ անելու ենք մոտ ամիսներին։ Երիտասարդներն արդեն մի փոքր հոգնել են շփման հեռավար ձևաչափից, երազում են կենդանի շփում ունենալ, սկսել գործնական աշխատանքները, որոնց արդյունքները կտեսնենք շատ շուտով»,- ամփոփում է ՔԱՅԼ հիմնադրամի մենթոր Կարինե Արոյանը։

Հայ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, որը ներառված է Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, 1978 թ. ճարտարպետ Սերվետ Պողոսյանի՝ ժամանակի համար աննախադեպ նորարարություն հանդիսացող ճարտարապետական հնարքի շնորհիվ բառիս բուն իմաստով ընդգրկվեց նոր՝ մոդեռնիստական ոճի կառույցի մեջ: Այսօր և´ որպես Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն, և´ որպես Ստեփան Շահումյանի տուն-թանգարան գործող շենքը կանգնած է դրական փոփոխությունների շեմին:

  • Կիսվել: