կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հունվարի 22-ից հանրային սննդի, ժամանցի վայրեր հնարավոր կլինի այցելել ՊՇՌ թեստի առկայության կամ պատվաստված լինելու դեպքում

Հունվարի 22-ից հանրային սննդի, ժամանցի վայրեր հնարավոր կլինի այցելել ՊՇՌ թեստի առկայության կամ պատվաստված լինելու դեպքում

Ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են.
 
կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
 
կա՛մ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից,
 
կա՛մ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ 
 
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ վերը նշված պահանջը չի վերաբերում.
 
մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
 
հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,
 
փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,
 
նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

  • Կիսվել: