չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խոր ցավակցություն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին: ԱԳՆ-ն այս մասին գրառում է արել թվիթերյան իր էջում։

«Խոր վշտով ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքում վթար է տեղի ունեցել, դեպքի վայրում այդ ժամանակ եղել է 285 մարդ։ Փրկարարներին հաջողվել է մեծ մասին դուրս բերել աղետի գոտուց, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:

Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Վերջին տվյալներով՝ հանքափորներից մեկին ողջ են գտել։ Պատահարից տուժածների թիվը հասել է 63-ի, հիվանդանոցներում բուժում է ստանում 38 հանքափոր և 11 փրկարար:

Պաշտոնապես հայտարարվել է, որ զոհերը խեղդվել են ծխից, որն առաջացել է մեթանի պայթյունից, սպասվում է հատուկ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը: Հանքավայրի ղեկավարությունը կալանավորվել է, մարզում եռօրյա սուգ է հայտարարվել։

  • Կիսվել: