շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի լինում, տեղում ամեն մեկս մեր գործով և նվիրումով պետք է ապացուցենք դա, սա է այն կարգախոսը, որով պետք է առաջնորդվենք բոլորս մեր առօրյա աշխատանքում. Գավառի ԲԿ-ի տնօրեն      

Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի լինում, տեղում ամեն մեկս մեր գործով և նվիրումով պետք է ապացուցենք դա, սա է այն կարգախոսը, որով պետք է առաջնորդվենք բոլորս մեր առօրյա աշխատանքում. Գավառի ԲԿ-ի տնօրեն      

Վաղ առավոտից մինչ ուշ երեկո մարդաշատ ընդունարան, միջանցքներով արագ-արագ մի հիվանդասենյակից մյուս հիվանդասենյակ շտապող բժիշկներ, կատարյալ մաքրություն, ժամանակին համահունչ վերանորոգված մասնաշենք, նորագույն վերելակներ, կոկիկ միագույն համազգեստով բուժանձնակազմ, արդի բուժտեխնիկայով համալրված մասնագիտական կաբինետներ...Եվ այս ամենի ականատեսը, որքան էլ որ տարօրինակ հնչի, եղանք ոչ թե մայրաքաղաքային լավագույն կլինիկաներից մեկում, այլ Գավառի Բժշկական կենտրոնում:


Թե ինչ հսկայական աշխատանք էր կատարվել բուժկենտրոնում վերջին մեկ տարվա ընթացքում, մենք համոզվեցինք Բուժկենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանի հետ շրջայցի ժամանակ: «Այս ամբողջը մեկ տարվա մեջ ենք վերանորոգել, ճիշտ է մի քանի տարի առաջ շենքը ամբողջովին հիմնանորոգվել էր, բայց աշխատանքները այնքան անորակ էին կատարվել, որ արդեն նոր հիմնանորոգման անհրաժեշտություն էր ծագել»,- նշում է Սողոմոնյանը` ափսոսանք հայտնելով զուր վատնած միջոցների համար:   



Հատկանշական է, որ բուժկենտրոնի վերանորոգման գործում այս անգամ հիվանդանոցներին հատուկ կարծրատիպային մոտեցումներ չէին կիրառվել: Ամեն բաժանմունք առանձնանում էր գունային իր երանգներով, այդպիսով մեղմելով հիվանդների առողջական վիճակով պայմանավորված մռայլ տրամադրությունները:

«Դիզայներական լուծումներ եք տվել հիվանդանոցին»,- կատակում ենք մենք:


«Իհարկե, ամեն ինչի մեջ հոգի ու ճաշակ ենք ներդրել, չենք արել զուտ անելու համար: Ուշադրություն դարձրեք բուժանձնակազմի համազգեստի վրա, գույներով համահունչ են հիվանդանոցի գունային երանգներին»,- հումորով հումորին է պատասխանում ԲԿ տնօրենը և շարունակում,- «Իրականում այս մեկ տարում շատ մեծ աշխատանք ենք կատարել, դիմել եմ բոլորին, ընկերներիս, ասել եմ, եթե ուզում եք մի բան անեք, օգնեք հիվանդանոցին, հայրենասիրությունը միայն հո խոսքերով չի: Ու արել են, ու դեռ կանեն»:        

Երկրորդ հարկ բարձրանալիս, նկատեցինք նաև փոխված վերելակները. «Թանգարանին վայել վերելակներ եք տեղադրել, իսկի երևանյան ԲԿ-երը չունեն այդպիսիք»:

«Այո, ընկերներիցս մեկին ասեցի, որ հիվանդանոցին վերելակներ են պետք, օգնեց»,- անկեղծացավ Սողոմոնյանը:


Ամբողջ շրջայցի ընթացքում, որը նկատենք տեղի էր ունենում օրվա երկրորդ կեսին, երբ երևանյան շատ բկ-երում արդեն նեղ մասնագետներ չեն լինում, տնօրենին էին մոտենում տարբեր բժիշկներ, պատմում օրվա ընթացքում կատարած աշխատանքի, պացիենտների խնդիրների մասին: Բաժանմունքներից մեկում էլ բժիշկներից մեկը բողոքեց պետպատվերի միջոցների սղության վերաբերյալ. «Մինչև 2023 թվականի վերջ պետպատվերով գրանցված հիվանդներ ունենք, միջոցները չեն հերիքում, բայց մարդիկ էլ միջոցներ չունեն, ուզում են բուժվեն, չգիտենք էլ ինչ անենք»:

Այն որ պետպատվերով ֆինանսավորման խնդիրը լուրջ է շեշտեց նաև Գարիկ Սողոմոնյանը: «Այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի, մարդիկ չեն կարող մնալ առանց բուժօգնության, դա անմարդկային է»,- նշեց նա` հընթացս նկատելով հատակի վրա մի փոքր կետ և մաքրուհիների ուշադրությունը դարձնելով դրա վրա: «Ոչ մի բան չի վրիպում մեր տնօրենի աչքից»,- հպարտությամբ նշեց մաքրուհին:           

Թե ի՞նչ ժառանգություն է ստացել Գարիկ Սողոմոնյանը, ստանձնելով Գավառի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, եւ ինչ աշխատանքներ են իրականացվել այս մեկ տարվա ընթացքում ավելի մանրամասն նա պատմեց շրջայցին հաջորդած հարցազրույցի ժամանակ...

-Մեկ տարի երեք ամիս է, ինչ ստանձնել եմ այս պատասխանատու պաշտոնը։ Ցավոք լավ ժառանգություն չէի ստացել, բայց պաշտոնը ստանձնելու օրվանից սկսեցինք մեծ ծավալի շինարարական աշխատանքներ թե արտաքին, թե ներքին։ Այս ընթացքում վերանորոգվել է ներքին ջրամատակարարման ցանցը, կոյուղին, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել ողջ մասնաշենքում։ Զրոյից կառուցել ենք Շտապ օգնության կայանը, ձեռք բերել համապատասխան մեքենաներ, թափոնների համար նախատեսված մասնաշենք ենք առանձնացրել, բացել ենք հեմոդիալիզի բաժանմունք, լաբարատորիան ենք վերանորոգել, մի խոսքով մեծ շինարարական աշխատանքներ ենք իրականացրել: Այդ ամենը իրականացվել ու մինչ օրս իրականացվում է հիմնականում իմ ընկերների, բարերարների և պետության միջոցներով:

-Ի՞նչ նեղ մասնագիտական ծառայություններ եք կարողանում մատուցել։

-Ինչպես ցանկացած մարզային բուժհաստատություն, այնպես էլ մեր կենտրոնը նեղ մասնագետների խիստ կարիք ուներ, բայց իմ պաշտոնը ստանձնելուց ի վեր փորձել ենք գտնել ճկուն մեխանիզմներ դեպի մարզային ԲԿ-ը որակյալ մասնագետների հոսք ապահովելու համար և, պետք է նշեմ, որ դա մեծապես հաջողվել է: Մշակել ենք այնպիսի ֆինանսական մեխանիզմներ, որով մեր բժիշկները եւ պետպատվերի եւ վճարովի ծառայություններից ստանում են համապատասխան գործակիցներով իրենց տոկոսները։ Եվ պետք է շեշտեմ` բժիշկները վարձատրության առումով դժգոհություն չունեն։ Ի ուրախություն մեզ՝ քաղիրավական հիմունքներով մեզ մոտ բուժօգնություն են ցուցաբերում մայրաքաղաքի տարբեր կլինիկաների լավագույն նեղ մասնագետները:

Մենք Երեւանում գործող մի շարք հայտնի բկ-ների հետ ունենք համագործակցության հուշագրեր, մեր բժիշկները պարբերաբար այցելում են մայրաքաղաք` վերապատրաստվելու: Այս ամենի ֆոնին կտրուկ նվազել են պացիենտներին դեպի մայրաքաղաքային կլինիկաները ուղղորդնելու դեպքերը: Նեղ մասնագետների ներգրավվածության հաշվին եւ մեր վճարովի ծառայություններն են տասնապատիկ ավելացել եւ բնակիչների բուժսպասարկման որակն է բարձրացել, որը մեզ համար առաջնայինն է։ Այլ խոսքով հստակ քայլերով շարժվում ենք առաջ։

-Դուք մատնանշեցիք ԲԿ-ն որակյալ մասնագետներով համալրելու մեխանիզմները, իսկ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում տեխնիկական համալրման ուղղությամբ:

-Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ էլ մեծ աշխատանք է իրականացվել: Այս կարճ ժամանակահատվածում հիվանդանոցը համալրվել է նորագույն բուժսարքավորումներով՝ մի մասը մարզպետարանի աջակցությամբ, մի մասը  անհատ տարբեր բարերարների եւ  հիմնադրամների միջոցոներվ։ Առաջիկայում մարզպետի աջակցությամբ պլանավորում ենք ձեռք բերել նոր լապարասկոպիկ եւ ռենտգեն սարքավորումներ։ Քննարկվում է նաեւ համակարգչային տոմոգրաֆի ձեռք բերման հարցը, տեսնենք։

-Պարոն Սողոմոնյան, կատարված մեծածավալ աշխատանքի ֆոնին արդյո՞ք ավելացել է պացիենտների հոսքը դեպի ԲԿ-ը, թե նրանք ավանդույթի համաձայն փոքրիկ իսկ գանգատի դեպքում շտապում են մայրաքաղաք:

-Այո, վստահ կարող եմ ասել, որ կոնկրետ մեր կենտրոնի պարագայում դիմելիության ծավալները ավելացել են և դա բացառապես մեր հրավիրյալ նեղ մասնագետների եւ տեղի պրոֆեսիոնալների աշխատանքի արգասիքն է։ Այսօր արդեն վստահաբար կարող եմ ասել, որ կատարված աշխատանքին զուգահեռ բկ-ն ձեռք է բերել նաեւ մեր բնակիչների անվերապահ վստահությունը։

-Որքա՞ն բնակչության է սպասարկում  Գավառի բկ-ն։

-Շուրջ 63 հազար, վերջերս նաեւ քաղաքային պոլիկլինկան էլ է միացվել հիվանդանոցին։ Հիմա պարոն մարզպետը կառավարությունում քննարկում է 1978 թվականից գործող, մեղմ ասած, անմխիթար վիճակում գտնվող  պոլիկլինիկայի շենքի կապիտալ վերանորոգման հարցը։

-Պարոն Սողոմոնյան, մեր շրջայցի ընթացքում աչքի զարնեց հատկապես մանկական բաժանմունքը, միջանցքները և հիվանդասենյակները վերանորոգված էին այնպես, որ փոքրիկ պացիենտները իրենց ոչ թե հիվանդանոցում այլ հեքիաթային միջավայրում զգային: Մանկաբուժության ուղղությամբ ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

-Այո, ամեն ինչ արել ենք, որ փոքրիկները մեր պատերի ներքո իրենց վատ չզգան, բայց ցավոք սրտի մանկական նեղ մասնագետների կարիք ունենք։ Այդ բացը փորձում ենք լրացնել համագործակցելով Երեւանում գործող մանկական բուժհիմնարկների հետ, կարիքի դեպքումնեղ մասնագետները այցելում են եւ տեղում հիվանդ երեխաներին անհրաժեշտ բուժծառայություն մատուցում։

Ի դեպ նշենք, որ Գարիկ Սողոմոնյանը երկար տարիներ աշխատել է Արցախում և պատերազմի ողջ ընթացքում ևս տեղում կատարել է իր մասնագիտական առաքելությունը:  

  • Կիսվել: