հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունում ստացված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրդեհների դեպքերի աննախադեպ աճ: Հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 277 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՝ 169 դեպք:

«Ասեմ, որ այս աճը նկատվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում՝ շոգ եղանակով, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված: Եթե դիտարկում ենք հուլիսի ցուցանիշն ընթացիկ տարվա հունիսի ու նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա կտեսնենք, որ հրդեհների թվի նվազում է նկատվում»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Վերջին մեկ շաբաթում գրանցված հրդեհների դեպքերի մեծ մասն արձանագրվել է Երևանում, Կոտայքում, Լոռիում, Տավուշում: Նշած ժամանակահատվածում տուժածներ, զոհեր չկան: Հրդեհների մեծ մասը գրանցվել է խոտածածկ, բուսածածկ տարածքներում: Այս տարի անտառային հրդեհի մեկ դեպք է գրանցվել Վայքում, այրվել է 2,5 հա անտառածածկ տարածք: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրդեհների 90 և ավելի տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ:

«Մեր հորդորն է քաղաքացիներին՝ եղեք ուշադիր, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները: Մի նետեք չհանգցրած ծխախոտի մնացորդը չորացած խոտածածկ տարածքում: Բնության գրկում քեֆ-ուրախությունից հետո համոզվեք, որ խարույկները մարված են, նոր լքեք տարածքը: Բնության գրկում մի թողեք ապակե տարաներ: Խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները հիմնականում թողնում են ապակե տարաներ, իսկ դրանք բարձր ջերմային ֆոնի պայմաններում հրդեհի առաջացման մեծ ռիսկ են պարունակում»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը տեղեկացրեց, որ մարզային կառույցների ստորաբաժանումներին իջեցվել է հանձնարական տեղերում ուժեղացված ծառայություն կազմակերպելու համար՝ հատկապես անտառամերձ բնակավայրերում:

«Հրշեջ փրկարարական ջոկատները հիմնական տեղակայման վայրից մեկ մարտական հաշվարկով դեպի անտառամերձ բնակավայրեր արդեն իրականացնում են հերթապահություն, մասնավորապես, Սյունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Արարատում: Ուժերը կենտրոնացված են և պատրաստ՝ առաջին իսկ  հրդեհի դեպքում արագ կազմակերպել աշխատանքները»,-ասաց Բագրատ Վարդազարյանը:

ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալը հիշեցրեց, որ դեռ ընթացիկ տարվա ապրիլին պաշտպանության նախարարության հետ իրականացրել են ուսումնավարժություն՝ ներգրավելով ՊՆ ուղղաթիռները, փորձարկելով դրանց հնարավորությունները: Նա վստահություն հայտնեց, որ ՊՆ-ի հետ համատեղ կարող են արագ արձագանքել անտառային հրդեհներին: Փրկարար ծառայությունը գրանցել է այն ջրամբարները, որտեղից ուղղաթիռները կարող են ջուր վերցնել:

  • Կիսվել: