Հայաստանում մշակվում է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումն ակտիվ փուլում է: Ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանը նշեց, որ խնդիր է դրված հնարավորինս շատ ծառայություններ քաղաքացիներին հասանելի դարձնել էլեկտրոնային տարբերակով, արդյունքում՝ կրճատել ու պարզեցնել վարչարարությունը:
«ՀՀ քաղաքացիները արդարադատության նախարարության կայքի միջոցով կարող են դիմել ու տեղեկանք ստանալ իրենց կարգավիճակի վերաբերյալ, վկայականներ, վկայականների կրկնօրինակներ ու այդ ամենը ստանալ վավերացված ապոստիլով: Շուտով ազգային արխիվից տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ գործիքակազմ է լինելու: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտադրել, որ ՀՀ կառավարությունը նպատակ ունի ամբողջությամբ անցնելու էլեկտրոնային ծառայությունների մատուցմանը»,-ասաց Անի Մխիթարյանը:
Գործընթացը տեղի է ունենում փուլային տարբերակով: Անի Մխիթարյանը նկատեց, որ թեպետ որոշ ծառայություններ արդեն ամբողջապես էլեկտրոնային տարբերակով հասանելի են, միևնույն է, շատ չեն օգտվողները: Հիմնականում դիմում են ՀՀ քաղաքացիներ օտարերկրյա պետություններից:
«Մենք, իհարկե, հաշվի ենք առնում այն, որ Հայաստանի բնակչությունը ոչ ամբողջությամբ է կիրառում էլեկտրոնային գործիքակազմը: Մեզանում առկա է այսպիսի մշակույթ, երբ քաղաքացին պարտադիր ցանկանում է տեսնել այն անձին, ով իր դիմումն ընդունելու է կամ որոշումը կայացնելու է: Հետևաբար, մենք զուգահեռ ենք առաջ գնում ու փուլային տարբերակով: Այսինքն՝ անցում կկատարենք էլեկտրոնային տարբերակին, սակայն կունենանք նաև բարեկեցիկ պայմաններում քաղաքակիրթ սպասարկմամբ տեղում տրամադրվող ծառայություններ»,-ասաց Անի Մխիթարյանը:
Անի Մխիթարյանը տեղեկացրեց, որ այս պահին մեծ նախագիծ են իրականացնում: Դա վերաբերում է էլեկտրոնային արդարադատությանը: Դա հնարավորություն կտա յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի արդարադատության ոլորտին առնչվող գործընթացներին մասնակցել իրենց էլեկտրոնային գրասենյակների միջոցով: Այն է՝ ներկայացնել դիմումներ, հայցեր, ապացույցներ, միջնորդություններ և ստանալ պատասխաններ: