Հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելում հրեա երիտասարդ է տուգանվել
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքելու համար հրեա երիտասարդ է պատասխանատվության ենթարկվել:
Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ՝ 1967 թուականից ի վեր, հայ հոգեւորականի վրայ թքելու համար, Իսրայէլի ոստիկանութիւնը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացու:
Դէպքը տեղի էր ունեցել մէկ տարի առաջ: Երուսաղէմի Հին քաղաքի Հայկական թաղամասում հրեայ երիտասարդը տեսնելով հայ հոգեւորականների եկեղեցական թափօրը՝ մի քանի անգամ թքել էր հոգեւորականներից մէկի վրայ:
Երիտասարդը անմիջապէս յանձնուել էր թափօրը ուղեկցող ոստիկաններին, եւ ապա տուժող հոգեւորականը բողոք էր ներկայացրել ոստիկանութիւն:
Հարցաքննութիւնից եւ ականատեսներից վկայութիւն վերցնելուց յետոյ, ոստիկանութիւնը մարտի 5-ին պաշտօնական նամակով ծանուցել է տուժած հոգեւորականին, որ ոստիկանութիւնը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով»,- ասված է գրառման մեջ:


