հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայ-ֆիլիպինյան համագործակցությունը զարգանալու միտում ունի. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Ֆիլիպինների դեսպանին

Հայ-ֆիլիպինյան համագործակցությունը զարգանալու միտում ունի. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Ֆիլիպինների դեսպանին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բալլենին: Ինչպես հայտնում են գերատեսչությունից, հանդիպմանը ներկա էր նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը։

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բալլենին իր ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
 

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հնարավոր համագործակցության ծրագրերի ներդրման հարցերը:

«Շնորհակալ ենք, որ այսօր այցելել եք մեզ: Վստահ եմ՝ կարող ենք արդյունավետ համագործակցություն ծավալել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մենք համագործակցության հուշագրեր ունենք բազմաթիվ երկրների հետ, և դուք նույնպես կարող եք մեր գործընկերը դառնալ վերը նշված ոլորտներում: Հայաստանի յուրահատկությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է Ասիայի և Եվրոպայի մեջտեղում, ինչը հնարավորություն է մեզ տալիս ուսումնասիրելու և տեղայնացնելու բոլոր արդյունավետ մոդելները»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ համատեղ յուրաքանչյուր ծրագիր հետագայում կարող է արդյունավետ համագործակցության հիմք դառնալ:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գտնվող ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններով էլ կատարվում են արմատական բարեփոխումներ:

«Կարծում եմ՝ փոխգործակցության արդյունքում մենք կարող ենք Հայաստանի լավագույն փորձառությունը կիրառել Ֆիլիպիններում: Մասնավորապես, մեծ հետաքրքրություն կա շախմատի՝ հանրակրթական ծրագրում ներդնելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը և հավելել, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Հայաստանում Ֆիլիպինների համայնքի, ինչպես նաև ուսանողների հետ, որոնք նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ հայ-ֆիլիպինյան հարաբերությունների ամրապնդման գործում՝ իրենց գիտելիքն ու փորձը հայրենակիցներին փոխանցելու առումով:

Հանդիպման ավարտին կողմերը նախնական համաձայնության են եկել փոքր, սակայն հաստատուն քայլերով զարգացնել բարեկամական երկրների միջև գործնական հարաբերությունները:

  • Կիսվել: