ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ երիտասարդները ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերին կրթական ոլորտին վերաբերվող մի շարք առաջարկներ են արել

Հայ երիտասարդները ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերին կրթական ոլորտին վերաբերվող մի շարք առաջարկներ են արել

ԵԱՏՄ երկրների փոխվարչապետների հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ երիտասարդները իրենց նախաձեռնությունների մասին են պատմել։ Ինչպես տեղեկացանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումի շրջանակներում:

Հայաստանի ակտիվիստների առաջարկները վերաբերել են կրթության խնդիրներին՝ հանրակրթական ծրագրերում փափուկ հմտությունների (Soft skills) ներդրմանը, առցանց կրթական հարթակի, արտադրական պրակտիկայի ծրագրերի և ստաժավորման ակտիվ զարգացմանը։

Բելառուսի երիտասարդության նախաձեռնությունները վերաբերում են կամավորական շարժման զարգացմանը: ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների կրթության հաստատություններում առաջարկվել է ընդլայնել Բելառուսում իրականացվող «Կամավորական նավիգատոր» նախագիծը:

Ղազախստանի երիտասարդության ներկայացուցիչները հանդես են եկել զբոսաշրջության զարգացման նախաձեռնությամբ. նրանք մշակել են ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներում երիտասարդական զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որը կդառնա ուղենիշ և կնպաստի երիտասարդական ձեռներեցության զարգացմանը:

Ղրղզստանի երիտասարդության նախաձեռնությունը ստեղծագործական տնտեսություն զարգացնելն է: Առաջարկվել է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի ստեղծագործ երիտասարդներին։

Ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչների կարծիքով՝ անհրաժեշտ է զարգացնել երիտասարդական ձեռներեցությունը և ԵԱՏՄ-ում ստեղծել երիտասարդ ձեռներեցների համայնք։

Ուզբեկստանի երիտասարդության ներկայացուցիչները շեշտը դրել են երիտասարդական միջոցառումների և մշակութային նախաձեռնությունների վրա։

Աշխատանքային նախաճաշին մասնակցել են ԵՏՀ խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար, առևտրի և ինտեգրման նախարարի տեղակալ Սերիկ Ժումանգարինը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

  • Կիսվել: