ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
ԳԿԽ-ի ապագա աշխատանքի առանցքը հայապահպանությունն ու զարգացումն է․ Քյոլնում հիբրիդային ժողովի ժամանակ ընտրվել է նոր վարչություն

ԳԿԽ-ի ապագա աշխատանքի առանցքը հայապահպանությունն ու զարգացումն է․ Քյոլնում հիբրիդային ժողովի ժամանակ ընտրվել է նոր վարչություն

Գերմանահայոց Կեդրոնական Խորհրդը (ZAD) 2022 թվականի մայիսի 7-ին Քյոլնում տեղի ունեցած հիբրիդային ժողովի ժամանակ ընտրել է նոր վարչություն։
 
ԳԿԽ-ի հինգ հոգուց կազմված նորընտիր վարչությունը ներկայացրել է բովանդակալից ու հավակնոտ հինգ կետից բաղկացած ծրագիր, որով ստացել է համագումարի մասնակցիների ձայները ու վստահությունը։ ԳԿԽ-ի ապագա աշխատանքի առանցքը հայապահպանությունն ու զարգացումն է։
 
Այդ իսկ պատճառով նպատակն է դրվել խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը Գերմանիայում գործող տարբեր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև գերմանական քաղաքական և հասարակական դերակատարների հետ։
ԳԿԽ-ի ապագա կողմնորոշումն ու աշխատանքային մեթոդները ներկայացրեց միության նորընտիր ատենապետ պարոն Ջոնաթան Սպանգենբերգը։
 
Քվեարկության արդյունքում երկու երրորդով ընտրված պարոն Սպանգենբերգը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանիայի հայ համայնքում։
 
Հայկական սփյուռքի հետ ունեցած իր սերտ կապերի շնորհիվ նա քաջ ծանոթ է Գերմանիայի և ամբողջ աշխարհի հայերի խնդիրներին:
 
Փոխնախագահի պարտականությունները կկատարի 20 տարի հայկական հարցերով ԳԿԽ-ում զբաղվող պարոն Սերժ Դերհակոպյանը։ Նորընտիր վարչության կազմում են նաև Սամվել Լուլուկյանը, Սիրանուշ Ասատուրյանը և Սիլվա Աժդերյանը։ Պարոն Լուլուկյանը ծնվել է Հայաստանում և 30 տարի ակտիվ գործունեություն է ծավալում գերմանահայ համայնքում։ Տիկին Աստատուրյանը և տիկին Աժդերյանը կաջակցեն ԳԿԽ-ին՝ նահանգային և դաշնային մակարդակներում տարբեր պատգամավորական պաշտոններ ունեցած իրենց կուտակած փորձով:
 
ԳԿԽ-ի նոր վարչությանը միավորում է ցանկությունը՝ ներկայացնելու Գերմանիայում ապրող հայերին որպես Գերմանիայում գործող համերաշխ համայնք և ամրապնդելու Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը։
 
 
 
 

  • Կիսվել: