հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գեղեցիկ Հայաստանը՝ հետհամաճարակային շրջանի չբացահայտված ուղղություն․ Еuronews

Գեղեցիկ Հայաստանը՝ հետհամաճարակային շրջանի չբացահայտված ուղղություն․ Еuronews

Ճանապարհորդությունների հետհամաճարակային շրջանում Հայաստանը դիրքավորվում է որպես չբացահայտված ուղղություն:

Armradio.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Euronews-ը։
 
Այցելուներին առաջարկվում է ճանապարհորդել մայրաքաղաք Երևանից դուրս և ուսումնասիրել Հայաստանի գյուղական և լեռնային շրջանները:
 
«Մենք ունենք նոր խորագիր՝ «Հայաստան. թաքնված ուղի»»,-Euronews Travel-ին ասել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։

«Մենք շատ թաքնված գոհարներ ունենք: Ունենք զարմանալի տեսարաններ, հիանալի լանդշաֆտներ արշավների, բնության և արկածային զբոսաշրջության համար: Բայց մենք ուզում ենք համոզված լինել, որ կկարողանանք պահպանել դրանք: Տուրիստական չափազանց մեծ հոսքերն էլ կարող են դրանք պոտենցիալ վտանգի տակ դնել»,- նշել է նա:
 
Հայաստանի զբոսաշրջային քաղաքականության մաս կազմող «թաքնված ուղու» մոտեցումը այցելուներին գայթակղում է մնալ բազմաթիվ հեռավոր գյուղերից մեկում՝ զգալով տեղացիների հյուրընկալությունը:
 
Սա նաև թույլ է տալիս ծանոթանալ երկրի հարուստ հոգևոր ժառանգությանը՝ գրում է Euronews-ը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ամենավաղ քրիստոնեական քաղաքակրթություններից մեկն է, որի առաջին եկեղեցիները հիմնադրվել են չորրորդ դարում:
 
«Մենք ունենք հազարավոր եկեղեցիներ և վանքեր ողջ Հայաստանում։ Դրանցից շատերը գտնվում են մարզերում, ինչը ստիպում է մարդկանց հեռանալ մայրաքաղաքից»,- ասում է Պօղոսեանը։
 
Երկրի ամենակարևոր և եզակի կրոնական վայրերից է հրապուրիչ Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ ունի:
 
Գտնվում է Ազատի վերին հովտում, Կոտայքի մարզում, այն մասամբ շրջապատված է ժայռերով և մասամբ փորագրված է հարակից սարից։ Այն ընդգրկում է մի քանի եկեղեցիներ և դամբարաններ, որոնք թվագրվում են 4-րդից 13-րդ դարերով։
 
Euronews-ը հիշեցնում է, որ դեպի Հայաստան ուղիղ չվերթեր են իրականացվում մի քանի եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և Լեհաստանից։

  • Կիսվել: