Գայ համայնքին պատճառվել է 159 մլն. դրամ վնաս. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գայ համայնքի ղեկավարի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Դեռևս 2020թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզի Գայ համայնքում իրականացվել է տեսչական ստուգում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է ակտ, որն ուղարկվել է իրավասու մարմիններին՝ խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:
Նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի գործողություններում առկա են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գայ համայնքի ղեկավարը, 2008 թվականից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ կանխարգելելու, կասեցնելու առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի համայնքի տարբեր նշանակության թվով 11 հողամասերում կատարված ինքնակամ կառուցապատման աշխատանքների և շահագործման ուղղությամբ:
Ավելին՝ խախտումները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերելուց հետո համայնքի ղեկավարը շարունակել է դիտավորությամբ որևէ միջոց չձեռնարկել, օրենքով սահմանված կարգով չի ապահովել հետևանքների վերացումը:
Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գայ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել համայնքի ղեկավարին պատկանող գույքի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: