հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եզակի վիրահատություն Ուռուցքաբանության կենտրոնում. հեռացվել է բարդ տեղակայումով թոքի ուռուցքը

Եզակի վիրահատություն Ուռուցքաբանության կենտրոնում. հեռացվել է բարդ տեղակայումով թոքի ուռուցքը

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել բարդ տեղակայումով թոքի ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն: Այս մասին նշված է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում։

Ինչպես պարզաբանել է ՈւԱԿ-ի Թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, վիրահատությունը բարդ էր, և նման վիրահատություններ մեր երկրում քիչ են կատարվում։

56 տարեկան հիվանդի մոտ մի քանի ամիս առաջ ախտորոշվել էր ձախ թոքի կենտրոնական քաղցկեղ վերին բլթի տեղակայմամբ։ Ուռուցքը վերիֆիկացվել էր բրոնխոսկոպիկ հետազոտությամբ։

ԿՏ հետազոտության տվյալներով ուռուցքը սերտ հարում էր թոքային զարկերակին, և կասկած կար, որ այն աճում է թոքային զարկերակի ճյուղերի վրա։ Երկու կուրս նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո դիտվեց որոշակի դրական դինամիկա, սակայն կրկնակի ԿՏ հետազոտությունը ցույց տվեց, որ ուռուցքի՝ զարկերակային ճյուղերին հարող հատվածը դեռ պահպանվում է։

Արմեն Խանոյանի խոսքով, նման տեղակայմամբ ուռուցքների դեպքում, որպես կանոն կատարվում է պնևմոնէկտոմիա, այսինքն, թոքը հեռացվում է ամբողջությամբ, սակայն վիրաբույժները որոշեցին գնալ ավելի բարդ, բայց պացիենտի համար ավելի ճիշտ ճանապարհով։

«Մենք որոշում կայացրեցինք կատարել բրոնխովասկուլյար պլաստիկ վիրահատություն, որը թույլ է տալիս պահպանել թոքի ստորին բիլթը։ Փառք Աստծո, մենք կարողացանք թոքային զարկերակը կտրել, առաջացած բավականին մեծ դեֆեկտը կարել, բրոնխը կտրել և նույնպես պլաստիկ կարել։ Այսինքն, մենք կատարեցինք իր ծավալով ռադիկալ վիրահատություն, չանելով պնևմոնէկտոմիա։ Որակական առումով, հետվիրահատական առումով սա շատ լավ վիրահատություն է երիտասարդ հիվանդի համար», - ասաց վիրաբույժը։

Վիրահատությունը կատարել են Թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, վիրաբույժ Հայկազ Զաքարյանը, կլինիկական օրդինատոր Սարիկ Մելքոնյանը, անէսթեզիոլոգ Ստեփան Ֆարսյան։

Թոքային վիրաբուժության բաժանմունքը Արմեն Խանոյանի գլխավորությամբ մի քանի ամիս է ինչ գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, բայց արդեն զգալի հաջողություններ է գրանցել։

Բաժանմունքում կատարվել են մի շարք եզակի բարդ վիրահատություններ։ Մասնավորապես, մայիսին կատարվեց բրոնխն ու շնչափողը ախտահարած ուռուցքի հեռացում, երբ նման ուռուցքները սովորաբար ոչ վիրահատելի են համարվում:

  • Կիսվել: