շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները

Հայաստանում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրոպական հանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: Այս մասին հայտարարել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

 

Ըստ եվրապատգամավորների՝ այս հարցի շուրջ երկխոսությունը հայ ժողովրդին աջակցության հզոր ազդակ կլինի, ինչի մասին ասվել է փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդման քննարկման ժամանակ, գրում է dw.com կայքը:

«Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ-ի առավելություններից»,- առաջարկել է Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը:

Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանում արձանագրել են, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնում է Ադրբեջանի հետ հակամարտությունը:

«Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար», - ասել է բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովը։

Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է։

  • Կիսվել: