Եթե գրադարաններում կան հին գրքեր, որոնք կարող են հիվանդության աղբյուր հանդիսանալ, պետք է դուրս գրել և չմտածել, որ պետք է նվիրաբերել ինչ-որ մարզի գրադարանի. քաղաքապետ
Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետի կարծիքով՝ որոշ գրքեր այնքան են հնացել, որ լիքն են տարբեր վնասակար վիրուսներով ու սնկերով։ Սարգսյանի խոսքով՝ դրանցից պետք է շուտափույթ կերպով ազատվել։
«Կան գրքեր, որոնք մեզ այլեւս պետք չեն, եւ դրանք պետք է դուրս գրվեն: Ընդ որում, պետք է բացառել այդ գրքերն այս կամ այն մարզերում տարածելու տրամաբանությունն ու հնարավորությունը։ Մենք չպետք է դրանց բաժանենք: Մարզերը պետք է նոր գրքերով ապահովվեն։ Այդ նույն գրքերը, որոնք մեզ պետք չեն եւ որոնք մենք փաստացի դուրս ենք գրում, պիտանի չեն։ Անպետք գրքերը ոչ մեկին նվիրել պետք չէ»,- պարզաբանեց Սարգսյանը։
Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոսել են հրատարակիչների հետ և առաջարկ է եղել՝ Երևանում գործող դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների համար կարճ թելադրություն կազմակերպվի։
«Ասացին, որ տեքստն իրենք կտրամադրեն, որը վերաբերելու է ընթերցանությանը։ Սա որպես հանձնարարական, խնդրում եմ այս մասով տեղեկություն ստանալ և մեր դպրոցներում կազմակերպել այդ թելադրությունը, որը կարող է մրցույթի ձևով լինել։ Կարծում եմ՝ կարող ենք հետաքրքիր բան մտածել»,-ասաց քաղաքապետը։
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ իրեն հետաքրքրում է ընթերցողների ցանկը՝ ովքեր են գրադարաններ գնում, ովքեր են ընթերցանությամբ զբաղվում։
«Տարբեր խոսակցություններ ու ընկալումներ կան, որ մեր գրադարաններում ընթերցողների թիվ ավելի շատ են գրում այն տրամաբանությամբ, որ շատ գրեն, որ հանկարծ այդ գրադարանը չփակեն։ Պետք է հասկանալ իրական թվերը, որքան ընթերցող է օգտվում մեր գրադարաններից և մեխանիզմ մտածել, որը հնարավորություն կտա իրական ընթերցողներին այսուհետ ճիշտ իդենտիֆիկացնել, որպեսզի նման կասկած ընդհանրապես չլինի, էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր լինի ժամանակի ցանկացած պահին հասկանալ, թե կոնկրետ գրադարանից քանի հոգի են գիրք վերցրել»,-մանրամասնեց Հրաչյա Սարգսյանը։


