ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Ես հիշում եմ մի տեսագրություն, որում Սերժ Սարգսյանը ներկա էր քրեական հեղինակությունների խնջույքին. պատգամավոր

Ես հիշում եմ մի տեսագրություն, որում Սերժ Սարգսյանը ներկա էր քրեական հեղինակությունների խնջույքին. պատգամավոր

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պատգամավորներն անդրադարձան Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններին, որոնք ենթադրում են քրեական ենթամշակույթների արգելք:

Քննարկումների ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՛ս կմեկնաբանի այն փաստը, որ «թավշյա հեղափոխությունից» հետո իր գործընկեր Սասուն Միքայելյանը հանդես եկավ Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» խափանման միջոցի փոփոխության մասին միջնորդությամբ, ասաց, որ ոչ հեռավոր անցյալում իրենց գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես եկավ կալանքի տակ գտնվող Արսեն Բաբայանի խափանման միջոցի վերանայման մասին միջնորդությամբ, սակայն դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերվում վերջինիս արարքներին:

Նա, մասնավորապես, նշեց. «Ցանկացած անձ, որը հանցանք է գործել, լինի դա քրեական հեղինակություն կամ այլ անձ, քաղաքացի է, որի ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակության համար ազատազրկման հիմքեր չկան, եւ որ դա չի համապատասխանում հետաքննության նպատակներին, որպեսզի այդ անձը գտնվի ճաղերի հետեւում, եւ երաշխավորագիր է ներկայացրել, դա որեւէ կերպ չպետք է դիտարկվի, թե նա խրախուսում է հանցագործությունը»:

Սուրեն Գրիգորյանն ասաց նաև, որ պետությունը պետք է ուժեղ լինի եւ թույլ չտա տարբեր կարգի «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների ճնշում:

Ըստ նրա՝ եթե պետությունը թույլ եւ քրեական ենթամշակույթի հանդեպ հանդուրժող չլինի, ապա վերջինների զարգացման եւ բարգավաճման հիմքը կվերանա: «Բայց նախկինում մենք բազմիցս տեսել ենք, թե պետական գործիչներն ինչպես են ակտիվորեն շփվել քրեական հեղինակությունների հետ: Ես անձամբ հիշում եմ նվազագույնը մի տեսագրություն, որում Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է խնջույքի, որին ներկա են քրեական հեղինակություններ»,-նշեց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ երկրում հանցագործությունների թվի աճի առաջին պատճառներից մեկը քրեական ենթամշակույթն է, իսկ հանցագործությունների դեմ պայքարը առաջին հերթին ենթադրում է դրա ոչնչացում:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը նույնպես անդրադարձավ այս թեմային, ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները, որոնք կոնցեպտուալ կերպով համաձայն են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գաղափարին, ձեռնպահ են քվեարկում առաջարկված օրինագծին՝ ավարքագիծ դրսեւորելով բոլորի համար:

Ըստ Կարապետյանի՝ ԼՀ գործընկերները կարող էին «կողմ» քվեարկել եւ արդեն դրանից հետո մինչեւ երկրորդ ընթերցման մեկնարկը առաջարկներ ներկայացնել: «Եթե առաջարկները չընդունվեին, ապա այդ դեպքում նրանք կարող էին նաեւ «դեմ» քվեարկել: Դրանից բացի՝ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից լսել եմ, որ պատժելի պետք է լինեն միայն կոնկրետ իրավախախտումները: Հիմա հարց՝ բանակում եւ հանրապետության ուղղիչ հաստատություններում փողով ազարտային խաղերը կոնկրե՞տ արարք է, թե՞ ոչ»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: