Երևանում տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Արդեն մոտ 40 րոպե է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա: Միջին տարիքի տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար-հոգեբանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը:
Նույն վաշտի պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Վարդան Նիկոլյանը տեղում ուժեղացված ծառայություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Այս պահին փրկարար-հոգեբանն ու պարեկները շարունակում են բանակցությունները, որպեսզի տղամարդը, ով բողոքում է ինչ-որ քրեական գործից, կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա հայտնել է, որ ինքը Շիրակի մարզի բնակիչ է: Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, տեղում են նաև ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները: Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են նրա ինքնությունը: 4/


