հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երեւանում քրոջը գլխատած եղբայրն անմեղսունակ է ճանաչվել. նա տեղափոխվել է հոգեբուժարան

Երեւանում քրոջը գլխատած եղբայրն անմեղսունակ է ճանաչվել. նա տեղափոխվել է հոգեբուժարան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, Երեւանում երկու տարի առաջ՝ օգոստոսի 1-ին, 68-ամյա Մելանյա Մեժլումյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ մեղադրվող  60-ամյա Վահրամ Մեժլումյանին անմեղսունակ ճանաչելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախատեսված քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Վահրամ Մեժլումյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից եւ պատժից ու նրա նկատմամբ կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։

Դատարանի որոշմամբ՝ նա տեղափոխվել է հոգեբուժարան։

Ըստ մեղադրանքի՝ Վահրամ Մեժլումյանը շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ՝ Մելանյա Մեժլումյանի տանը՝ Երեւան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում, երկու տարի առաջ օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մելանյա Մեժլումյանին ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ՝ խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով, խառնիչի սեւ գույնի հոսանքի լարը գցել է քրոջ պարանոցին եւ սկսել է խեղդելով մարմինը գցել ննջասենյակի հատակին, տեսնելով որ քույրը շարժվում է՝ իր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, օգտագործելով նախկինում որպես հերձողի աշխատանքային գործունեության երկարատեւ փորձը, սառնասրտորեն եւ արյուն տեսնելու ու տուժողին տառապանքներ պատճառելու դաժանության մոլուցքով լցված, հարակից սենյակից վերցրել է 35 սմ երկարությամբ ինքնաշեն եղանակով սրված երկաթը եւ որպես դանակ օգտագործելով՝ ձախ ձեռքով բռնել է հատակին պառկած Մելանյա Մեժլումյանի մազերից եւ աջ ձեռքով սկսել է կոկորդի հատվածից կտրել գլուխը եւ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանել է նրան:

 

  • Կիսվել: