հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները իրենց վրա հարձակվողների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Երևանում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները իրենց վրա հարձակվողների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելու ժամանակ, Իսակովի պողոտայում նկատել են հանդիպակած երթևեկող ավտոմեքենա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ձայնային ազդանշանի միջոցով փորձել են ավտոմեքենան կանգնեցնել, սակայն վարորդը՝ չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, շարունակել է երթևեկությունը դեպի Բաբաջանյան փողոց, այնուհետև Շերամի փողոցով ուղևորվել է դեպի Հաղթանակ (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի) թաղամասի տներից մեկի բակ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները պարզել են, որ վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Հարություն Ա.-ն է, ով ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ:   Այդ ժամանակ պարեկները փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանության մոտակա բաժին, սակայն նշված տանից դուրս են եկել 2 հոգի՝ կին և տղամարդ ու սկսել քաշքշել պարեկներին՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքին:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները մի քանի անգամ հորդորել են այդ մարդկանց, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքին, սակայն այդ մարդիկ իրենց ձեռքերում խոհանոցային «չափաջախով» շարունակել են խոչընդոտել:   Ու այդ ժամանակ պարեկները օգտագործել են արցունքաբեր գազ և հետախուզվողին հագցրել են ձեռնաշղթա: 

Դրանից հետո նորից շարունակվել է քաշքշուկը և օգտվելով քաշքշուկից, ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի:   Արդեն ժամը 03:30-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասից՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվում 64-ամյա Ս.Ա-ն և 65-ամյա Լ.Ա-ն:   Որոշ ժամանակ անց ոստիկանության Մալաթիայի բաժնից նրանք բաց են թողնվել:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Հաղթանակ» թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել հետախուզվող Հարություն Ա.-ին: Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն:   

  • Կիսվել: