Երևանի ավագանին որոշեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ը լուծարել
Երևանի ավագաին որոշում կայացրեց լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը, թեև ընդդիմությունը քվեարկեց դեմ։
Մինչ քվեարկելը, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ասաց․ «Ընկերության բժշկական անձնակազմի և վարչատնտեսական անձնակազմի որոշ աշխատակիցների հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծվել են աշխատանքային պայմանագրերը:
Ներկայումս ընկերությունում ընթացիկ աշխատանքները համակարգելու համար աշխատում է 12 ֆիզիկական անձ, որոնց հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը վճարվել է ընկերության ազատ դրամական միջոցների հաշվին»։
Բաբինյանը նշեց, որ ստացիոնար բուժում ստացողները բուժումը կիրականացնեն Աբովյանում, իսկ դեղորայք ստացողները՝ իրենց վարչական շրջանի պոլիկլինիկաներից։
Հիշեցնենք, որ դիսպանսերի աշխատակիցները դեմ էին լուծարմանը և բողոքի ակցիա էին իրականացնում։