Երեխաներին վերաբերող աջակցման ծրագրի դիմումների ընթացակարգը պարզեցվել է․ Բաթոյան
Կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով, որը վերաբերում է երեխաներին, ում ծնողները չեն աշխատում, դիմումների ընթացակարգը պարզեցվել է, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարի խոսքով, այն քաղաքացիները ովքեր մինչ այժմ դիմել են ու պատասխան չեն ստացել, կամ հանդիպել են խոչընդոտների, կարող են նորից դիմել պարզեցված եղանակով։ «Այս եղանակով տվյալների ճշտումները նախապես արված են և դիմումը լրացնելուց հետո պետք է սպասել SMS հաղորդագրությանը և մոտենալ բանկ», - նշեց նախարարը։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ 130 հազար երեխայի համար գումարը փոխանցվել է։
«Սա ավելի քան կեսն է շահառուների և դրանից ավելի շահառուներ ակնկալում ենք»,- նշեց Բաթոյանը։
Դիմումները կարող են ներկայացվել online.ssa.am կայքում, և նախարարը հորդորեց քաղաքացիներին ուշադիր կարդալ կանոնները և հետո միայն լրացնել դիմումը։


