Բրազիլում զինված տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի 13 սաների
Բրազիլի Կուրիտիբա քաղաքում ոստիկաններն ազատել են մանկապարտեզ ներխուժած տղամարդու կողմից պատանդ պահվող 13 երեխայի, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հարձակվողը, որը սպառնացել էր հրդեհել տարածքը, սպանվել է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում։
Ըստ Պարանա նահանգի հանրային անվտանգության քարտուղարության հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին «Սան Բրազ» նախադպրոցական կրթության կենտրոնում։ Տղամարդը դանակով, հրազենի նմանակով և դյուրավառ նյութով սպառնացել է 4–5 տարեկան երեխաներին։
Մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո հատուկ նշանակության ոստիկանները միջամտել են այն բանից հետո, երբ տղամարդը սկսել է ագրեսիվ վարք դրսևորել երեխաների նկատմամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա սենյակում դյուրավառ նյութ էր տարածել և սպառնում էր հրդեհ առաջացնել։
Ազատված երեխաներից հինգին տեղափոխել են բուժհաստատություն՝ բժշկական զննության։ Նրանցից մեկի դեմքին, հարձակվողի գործողությունների հետևանքով, վնասվածքներ են արձանագրվել։ Մյուս երեխաներին օգնություն են ցուցաբերել տեղում։
Ինչպես հաղորդվում է՝ այժմ քննվում են դեպքի հանգամանքներն ու հարձակման շարժառիթը:



