շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Դանիբեկյանը մերժեց դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի մասին միջնորդությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, միջնորդությունը ներկայացրել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը: Բացարկը պայմանավորված է մեղադրողների սուբյեկտիվ վերաբերմունքի հետ: Նա մանրամասն նշեց այն խախտումները, որոնց հետ բախվել է իր վստահորդը, նրան պատճառված վնասը հաստատող փաստաթղթերի բացակայությունը, այն փաստը, որ գործի շրջանակներում քաղաքացիական հայց ներկայացնելու նրա իրավունքները սահմանափակվել են:

Ընդ որում, քննությունը եւ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջոցներ չեն ձեռնարկել խախտումները շտկելու ուղղությամբ: Ելնելով թվարկածից՝ Էդուարդ Ասլանյանը դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի միջնորդություն ներկայացրեց:

Դատավորը միջնորդությունը համարեց անհիմն եւ մերժեց այն: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 13:00-ին:

  • Կիսվել: