ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Դասախոսություններ հայ երիտասարդների համար՝ Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի շրջանակում

Դասախոսություններ հայ երիտասարդների համար՝ Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի շրջանակում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանում մասնակցել է Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի բացման արարողությանը:

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտնիյին, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Սալվա Նակուզին:

 

Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցն իրականացվում է «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում, որը ղեկավարում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը: Նպատակն է սովորեցնել երիտասարդներին հակամարտությունների կարգավորման մեթոդները և հաղորդակից դարձնել խաղաղության և ժողովրդավարության արժեքներին:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով նախաձեռնության անցկացումը Հայաստանում. «Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի անցկացումը Հայաստանում շատ խորհրդանշական է՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում և մեր երկրում խաղաղության արժեքը, որն ավելի քան ակնհայտ է: Եվ մեր երիտասարդները՝ որպես վաղվա որոշում կայացնողներ, իրապես կարիք ունեն այս ուղղությամբ զինվելու համապարփակ գիտելիքով: Սա երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է մեկ վայրում տեսնելու և հաղորդակցվելու աշխարհում իրենց տեղն ու դիրքն ունեցող քաղաքական գործիչների, գիտնականների հետ, առավելագույնս յուրացնելու նրանց փորձն ու փոխանցած գիտելիքը: Վստահ եմ՝ եռօրյա դպրոցը մեր երիտասարդներին կտա հակամարտությունների կանխարգելման, ճգնաժամերի կառավարման ճիշտ գործիքակազմը և համակողմանի գիտելիքը խաղաղության մասին»:

ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ խաղաղ համակեցության գաղափարը կարևոր է տարբեր ոլորտներում՝ սկսած հայրենաճանաչությունից, տարբեր մշակույթների իմացությունից, գործարարության հաջողությունից մինչև էկոլոգիական խնդիրներ:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգին, որում առանցքային տեղ ունի կոնֆլիկտների խաղաղ լուծման կարողությունը:

«Բոլորս գիտենք վերջին տարիներին Հարավային Կովկասում պատերազմական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրողության մասին: Տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման գործընթացում կարևոր է հատկապես կրթության դերը, և Հայաստանում հանրակրթության բովանդակությունն ուղղված է նաև խաղաղության մշակույթի տարածմանը: Հայաստանի հանրակրթական դպրոցներում ներդրվող նոր չափորոշիչը սահմանում է աշակերտներից ակնկալվող վերջնարդյունքներ, որոնցում մնայուն տեղ է տրված նաև կոնֆլիկտների խաղաղ լուծման կարողունակությանը, ինչին մենք փորձում ենք հասնել քննադատական մտածողության, թիմային աշխատանքի, առաջնորդության և այլ հմտությունների զարգացմամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի առաքելության համատեքստում կարևորել նաև ոչ ֆորմալ կրթության դերը խաղաղության մասին գիտելիքի, առաջնորդական հմտությունների և կարողությունների ձեռքբերման գործում:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը եզրափակել է խոսքը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ֆրանսիական համալսարանին այս կարևոր միջոցառումը հյուրընկալելու և նախագծի ղեկավարությանը՝ այն Հայաստանում անցկացնելու համար: Նա հույս է հայտնել, որ այն գիտելիքը, որ ձեռք կբերեն երիտասարդները, կնպաստեն խաղաղության շուրջ խնդիրների քննական վերլուծությանը, վերարժևորմանը և թեմայի զարգացմանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտնիյին ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ հույս հայտնելով, որ ներկա երիտասարդները կլինեն խաղաղության առաջնորդներ:

«Հայաստանում խաղաղությունը բոլորիս մտահոգությունն է: Այդուհանդերձ այն շնորհ չէ, այլ աշխատանքի արդյունք, և այս երիտասարդների ներկայությունը փաստում է, որ նրանք ունեն խաղաղության մշակույթ»,- ասել է դեսպանը:

 

Եռօրյա դպրոցի շրջանակում գլոբալ կառավարման, միջնորդության և խաղաղության կառուցման, կլիմայական փոփոխությունների և արհեստական բանականության մասին բանախոսություններով հանդես կգան Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը, պրոֆեսոր Բերտրան Բադին, գիտնականներ, դասախոսներ:

  • Կիսվել: