հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չմասնակցել չարտոնված որեւէ բողոքի ակցիայի. Գերմանիայում ՀՀ դեսպանի ուղերձը

Չմասնակցել չարտոնված որեւէ բողոքի ակցիայի. Գերմանիայում ՀՀ դեսպանի ուղերձը

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես էեկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում հայ համայնքի ներկայացուցիչներին չմասնակցել բողոքի ակցիաների եւ չտրվել սադրանքների:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում եւ Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր:

Հրկիզվել է ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի։

Յուրաքանչյուրիդ խնդրում եւ հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որեւէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։

Խնդրում եմ նաեւ տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր եւ մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված եւ զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։

Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում։

Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաեւ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

 

Աշոտ Սմբատյան

 

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

  • Կիսվել: