երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Չինաստանի կրթության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

Չինաստանի կրթության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՉԺՀ կրթության նախարարության Լեզվի ուսուցման և համագործակցության կենտրոնի կոմիտեի փոխքարտուղար Յու Թիենցի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարությունից, Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև փոխհամագործակցությունն ու արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու նպատակով առաջարկել ընդլայնել տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարի տեղակալը նշել է՝ հայկական կողմը կարևորում է չինարենի ուսուցման զարգացումը, որի լավագույն վկայություններից են Երևանում hայ-չինական բարեկամության դպրոցի և Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը, ինչպես նաև Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության հնարավորությունը բարձրագույն կրթության ոլորտում (ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր` կարճաժամկետ և երկարաժամկետ), ինչպես նաև միջբուհական համագործակցության շրջանակում իրականացնել համատեղ կրթագիտական նախաձեռնություններ:

Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է նաև ՀՀ բուհերում չինարենի մանկավարժի որակավորմամբ մասնագետների պատրաստումը և այդ կապակցությամբ առաջարկել համագործակցություն՝ փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի մշակման և իրականացման տեսանկյունից: Նա ընդգծել է՝ Չինաստանի փորձի կիրառմամբ հնարավոր կլինի ՀՀ բուհերում մշակել կրթական ծրագրեր և կիրառել դասավանդման նոր մեթոդաբանություն ու ձևաչափ, իսկ վերապատրաստման ծրագրերը կլինեն թիրախային:

ՉԺՀ Լեզվի ուսուցման և համագործակցության կենտրոնի կոմիտեի փոխքարտուղար Յու Թիենցը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով հայ երիտասարդների կողմից չինարենի ուսուցման հանդեպ բարձր հետաքրքրվածությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը չինարենի տարածման և ուսուցման գործում ներդրած շարունակական ջանքերի, ինչպես նաև «Ուրախ չինարեն» դասագրքի թարգմանության և տեղայնացման համար:

Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ կապված մասնագետների վերապատրաստումների, ուսանողների փոխանակման ծրագրերի և ուսումնական նյութերի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին․ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել Յու Թիենցի գլխավորած պատվիրակության համար: Անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

 

  • Կիսվել: