շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Չինաստանի դեսպանատունը պարգևատրեց Հայաստանում չինարեն դասավանդողներն ու ուսումնասիրողներին

Չինաստանի դեսպանատունը պարգևատրեց Հայաստանում չինարեն դասավանդողներն ու ուսումնասիրողներին

Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներն ու լեզուն ուսումնասիրող երիտասարդները պարգևատրվեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից: Առցանց պարգևատրման արարողությանը հաղթողների անունները հայտնեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

«Լեզուն հոգիները կապող մի կամուրջ է, ինչպես Հայաստանը, այնպես էլ Չինաստանը ունեն հարուստ պատմություն ու մշակույթ, և նրանց կապերը կարելի է գտնել դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներից: Ենթադրվում է, որ հայ բանագնացները տիրապետում էին չինարենին, ինչը կարևոր դեր է խաղացել հաղորդակցության հարցում»,- ասաց դեսպանը:

 

Ֆան Յունը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանում չինարեն սովորողների թիվը հասել է 2800-ի և Հայաստանում շարունակում են աշխատել չինացի 20-ից ավելի ուսուցիչներ ու կամավորներ:

«Բարեկամները բացահայտվում են դժվարության մեջ: Հայաստանն ու Չինաստանն այժմ գտնվում են նույն նավակում և միասին պայքարում համավարակի դեմ, ինչը խոսում է երկու ժողովուրդների բարեկամության մասին»,- նշեց Ֆան Յունը:

Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից պարգևատրվեց չինարենի հայ չորս ուսուցիչ և դասախոս, ինչպես նաև ուսանողներ ու աշակերտներ` Երևանի մի շարք բուհերից ու դպրոցներից:

 

  • Կիսվել: