շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Իրանն ու Հայաստանը գազի առևտրի հարցերով աշխատանքային խումբ կստեղծեն

Իրանն ու Հայաստանը գազի առևտրի հարցերով աշխատանքային խումբ կստեղծեն

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը:

Նշվում է, որ պայմանավորվածությունների ձեռք բերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո:

Մասնավորապես՝ Իրանը Հայաստանին առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան:

Պաքնեջադը հավելել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները, և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը:

Իրանի նավթի նախարարը հայտնել է, որ կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները:

Իրանի նախարարը, բարձր գնահատելով դժվարին պահերին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, վերահաստատել է հյուսիսարևմտյան հարևանի հետ իր հնարավորությունների սահմաններում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Թեհրանի պատրաստակամությունը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա էներգետիկ գործընկերությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքի վրա։

  • Կիսվել: