Բողոքի ակցիա կատարող երգահանին բերման չեն ենթարկվել, այլ իրավախախտում կատարելու համար բերվել է բաժին. ոստիկանության պարզաբանումը
Միքայել Մարգարյանը ոչ թե բերման է ենթարկվել, այլ վարչական իրավախախտում կատարելու համար բերվել է Կենտրոնական բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության մեր զրուցակիցը նշեց, որ կազմվել է համապատասխան արձանագրություն 182.3 հոդվածի հատկանիշներով արարք կատարելու համար: Հայտնեցին նաև, որ Մարգարյանը, հնարավոր է արդեն դուրս է եկել բաժնից։
Նշենք, որ երգահան-կատարողը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց տան հոսանքն անջատել են, ինչի հետևանքով երեխաները զրկվել են հեռավար ուսուցման դասընթացից:
Նա տեղեկացրել էր նաև, որ ինքը վճարելու հնարավորություն չունի և եթե 1 ժամվա ընթացքում այն չվերականգնվի, դուրս կգա հրապարակ և պատասխանատու չի լինի իր անելիքների համար:
Քաղաքացին կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում, երբ ոստիկանները խնդրեցին նրան ցույց տալ տեղաշարժման թերթիկն, ապա պահանջեցին որ անջատի ուղիղ եթերը ու քաղաքացուն քաշքշելով տարան։


