չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
«Բարեկամություն» մետրոյի տակ գտնվող տաղավարներից հափշտակել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ

«Բարեկամություն» մետրոյի տակ գտնվող տաղավարներից հափշտակել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու համար։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, այդ օրը ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ Անահիտ Ա-ն և հայտնել, որ օգոստոսի 9-ին, ժամը 23։00-ից մինչև օգոստոսի 10-ի ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականի օղակը կոտրելու միջոցով «Բարեկամություն» մետրոյի գետնանցումում գտնվող իրեն պատկանող 6-րդ և 7-րդ տաղավարներից գողացել են բջջային հեռախոսներ և աքսեսուարներ։ 

Դեպքի վայր են ժամանել Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան տեսախցիկների կադրեր թե ինչպես է գողն իր սև գործն անում ու հեռանում։ Անահիտ Ա-ին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: