չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Բաքվում հայ գերիներին դաժանաբար ծեծում են, իսկ բուժօգնության կադրերը՝ բեմականացնում. զրկում են սննդից, քնից. Ս.Սահակյան

Բաքվում հայ գերիներին դաժանաբար ծեծում են, իսկ բուժօգնության կադրերը՝ բեմականացնում. զրկում են սննդից, քնից. Ս.Սահակյան

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

«Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ այս քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ։

Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը նաև շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։

«Մենք դեպքեր ենք ունեցել, որ օրինակ կոկորդը կտրած զինծառայողի նկարները տեղադրել են հենց իր սոցիալական ցանցում։ Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով դուրս էին բերել ընտանիքի անդամներին ու վայրագությունները ուղարկել էին հարազատներին։ Բացահայտվել են նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, սակայն միտումնավոր չեն վերցնում դին ու չեն հանձնում ընտանիքի անդամներին։  Ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում են, նկարները տարածում են մեդիայում։ Սա ցայտուն վկայություն է, որ այն անհայտ կորածների թիվը, որը ունենք 2020թ-ից ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք են, այլ նպատակաուղղված քաղաքականություն է։ Գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ։ Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։

  • Կիսվել: