երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ակտիվ աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել Արցախի ղեկավարների ազատ արձակմանը Բաքվից. Սիրանուշ Սահակյան

Ակտիվ աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել Արցախի ղեկավարների ազատ արձակմանը Բաքվից. Սիրանուշ Սահակյան

Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ադրբեջանն ստացավ դիրքային առավելություն եւ սկսեց վերահսկել յուրաքանչյուր հայի ճակատագիրը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Եթե այդ վերահսկողության էլեմենտը չլիներ, ես առավել քան վստահ եմ, որ միջազգային հետախուզումների կամ այլ ճանապարհով հնարավոր չէր լինի Արցախի ղեկավարների հանձնումը Ադրբեջանին՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք փաստագրել ենք մեծ մասշտաբների հասնող պատերազմական ու մարդկության դեմ ուղված հանցագործություններ, ընդ որում դրանց թիվը կտրուկ աճեց բռնի դեպորտացիաներից հետո, երբ ողջ Արցախի բնակչությունը տեղահանվեց եւ գտնվում է Հայաստանում:

Թեեւ Հայկական կողմը պատերազմական հանցագործություններ չի կատարել, Ադրբեջանն ունի 8 հայ ռազմական, քաղաքական գործիչ, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, իսկ հայկական կողմը, որտեղ զոհերի թիվը հասնում է հարյուր հազարների, չունի արձանագրված մեկ դեպք, որ ադրբեջանցի գոնե միջին ռազմական գործիչը կանգնած լինի դատարանի առջեւ՝ լինի Հայաստանում, կամ որեւէ այլ երկրում: Մենք այս պայքարում եւս արդյունավետ չենք եղել, ունենք պարտություն: Սա այն ճակատն է, որտեղ կարելի է փոխել մոտեցումները, ինտենսիվացնել ջանքերը եւ մոտ ապագայում ունենալ ռեալ արդյունքներ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի հասնել Արցախի ղեկավարների վերադարձին Բաքվից, նա պատասխանեց. «Կան բազմաթիվ ատյաններ, որոնցից օգտվելու պայմաններում երաշխավորված է լինելու դրական ելքը հօգուտ Հայաստանի: Բայց պետք է նկատի ունենանք, որ վճիռների կատարումը եւս ենթադրում է քաղաքական պրոցեսներ: նույն Ադրբեջանի դեպքում ունենք նախադեպ, երբ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ձերբակալումը եւ հետապնդումը եղել է քաղաքական նպատակով, վերագրվել են շինծու արարքներ, եւ որպես միջոց պահանջել են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ադրբեջանը որոշ ժամանակ հրաժարվել է դատական ակտը կատարելուց, հետագայում քաղաքական ճնշման ներքո ազատ է արձակել:

Եթե մենք ակտիվացնենք միջազգային ճնշումը, ես այս խնդիրը հաղթահարելի համարում ենք, մենք կարող ենք ունենալ արդյունքներ»:

Սիրանուշ Սահակյանը չբացառեց նաեւ համաներման տարբերակը. «Սա քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում կարող է իրականացվել. «Ընդ որում, թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը կողմնակից են համաներումներին, իհարկե, տարբեր փաստարկներ ունեն, բայց երկու բլոկներում էլ խրախուսվում է համաներման միջոցով մարդկանց ազատ արձակումը»,- նկատեց նա:

  • Կիսվել: