Ռուսական կողմը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը զրուցել են գրեթե մեկ ժամ, քննարկելով, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը։ Պուտինը նշել է, որ հակամարտության քաղաքական բանակցային լուծման որոնումները շարունակվում են։
Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանը չի նահանջի Ուկրաինայում հակամարտության պատճառները վերացնելու իր նպատակներից, հայտնել է Ուշակովը:
Կողմերը նաև հանգամանալից քննարկել են Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը: «Բավական հանգամանալից քննարկվել է Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմից ընդգծվել է բոլոր վիճելի հարցերի, տարաձայնությունների և կոնֆլիկտային իրավիճակների բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների, պաշտպանության նախարարությունների և նախագահների օգնականների միջև»,- ասել է Ուշակովը։