երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կարծում եմ՝ Բաքվում պահվող Արցախի բարձրաստիճան ղեկավարները ամենավերջում են հայրենադարձվելու․ Սիրանուշ Սահակյան

Կարծում եմ՝ Բաքվում պահվող Արցախի բարձրաստիճան ղեկավարները ամենավերջում են հայրենադարձվելու․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում, նրանց մի մասը զինվորական է և համարվում է ռազմագերի, կան նաև քաղաքացիական գերիներ, ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարներ։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով` Արցախի բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, այն պահին, երբ Ադրբեջանը ներքաղաքական ու արտաքին քաղաքական  նպատակներով առավելագույնս օգտագործած կլինի նրանց գործոնը։

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելը էական վնասներ կհասցնի: 

«Ես և իմ գործընկերներն այդ մոտեցումը դատապարտող հաղորդագրություն ենք տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին ձեռնպահ մնալ նման քայլերի իրականացումից, քանի որ դրանք կարող են վտանգել Հայաստանի և հայերի կենսական շահերը։ Արցախը, Հայաստանը և հայությունը ենթարկվեցին ադրբեջանական ագրեսիայի, որն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, սակայն Հայաստանը չկարողացավ քաղաքական կամ ռազմական ճանապարհով հակակշռել և զսպել այդ գործելակերպը և հիմա մենք ունենք ՀՀ տարածքի օկուպացիա, հետևաբար որոշակի նշանակություն կարող են ունենալ իրավական ջանքերը»,- նշեց Սահակյանը:

 Սահակյանի խոսքով՝ այս պահի դրությամբ այդ գործընթացներն ընթանում են, ունենք նաև դրական արդյունքներ, ժամանակային առումով ավելի ենք մոտենում դատական վերջնական ակտերի կայացմանը։ Ունենք միջանկյալ որոշումներ, որտեղ արձանագրվել են կարևոր նշանակության խնդիրներ, օրինակ, որ Լաչինի շրջափակումը եղել է ապօրինի կամ, որ Ադրբեջանի կողմից ռասիստական դրսևորումները ունեն շարունակական բնույթ և այլն։

«Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել, պատկերավոր ասած, ադրբեջանական ավարի լեգիտիմացումը, սկսել է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ հավասար կերպով կհրաժարվի Հայաստանի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, քանի որ մենք չունենք սիմետրիկ վիճակ»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

  • Կիսվել: