շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՄԻԵԴ-ը եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը սպառիչ ատյանները չեն, որոնցով կարելի է գործընթացներ նախաձեռնել. Սահակյան

ՄԻԵԴ-ը եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը սպառիչ ատյանները չեն, որոնցով կարելի է գործընթացներ նախաձեռնել. Սահակյան

Այս պահին Հայաստանը միջպետական գանգատի շրջանակում Արցախի ղեկավար կազմի 8 ներկայացուցիչների իրավունքների պաշտպանելու նպատակով դիմել է ՄԻԵԴ եւ նաեւ հայցել է անհապաղ միջոցներ, այդ թվում ազատ արձակման տեսքով, որի առնչությամբ դեռեւս որոշումներ կայացված չեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Պաշտոնատար անձանց նկատմամբ պատժիչ գործողությունները բարձրաձայնվել են նաեւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, հոկտեմբերի 12-ին լինելու են լսումներ, որի նպատակը նոր միջոցներ ձեռնարկելն է, որոնք կկանխեն այս պատժիչ գործելակերպը եւ միտված կլինեն այդ հետեւանքների վերացմանը: Դրա համար կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի որոշումներ կունենանք ՄԻԵԴ-ից եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանից»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով, սրանք բոլոր սպառիչ ատյանները չեն, որոնցով կարելի է գործընթացներ նախաձեռնել: «Թե  անհատական, թե միջպետական ճանապարհով այլ մեխանիզմների հնարավորություններ կան: Օրինակ, ՄԱԿ-ի շրջանակում գոյություն ունի  կամայական կալանավորումների աշխատանքային խումբը, որը եւս գնահատական է տալիս ազատությունից զրկելու հիմքերի, դրանց օրինականության վերաբերյալ: Մենք ունենք նաեւ առանձին զեկուցողներ, որոնք զբաղվում են առողջության իրավունքով, խոշտանգումների կանխարգելմամբ:

Ինչու ոչ, նոյեմբերին նախատեսված է համընդհանուր պարբերական վերանայման UPR-ի (Համընդհանուր պարբերական վերանայման) 44–րդ սեսիան, որի շրջանակում գնահատվելու է նաև Ադրբեջանի զեկույցը: Այստեղ ակտիվ ներգրավածությունը հնարավորություն կտա, որպեսզի մարդու իրավունքների խորհուրդը ևս արձանագրի այն խախտումները, որոնք տեղի են ունեցել թե՛ կոնֆլիկտների ժամանակ, թե՛ դրանցից հետո, երբ թիրախավորվել են թե՛ ռազմագերիները, թե՛ պետական, ռազմական գործիչները։

Բաց այդ, միջպետական գործընթացներ կարելի է նախաձեռնել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում, բայց կոնվենցիոնալ այլ հիմքերով` կապված փախստականների, խոշտանգումների, ինչու ոչ, նաև ահաբեկչության հետ»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

Նա ընդգծեց, որ միայն իրավական գործընթացներով չպետք է սահմանափակվել, նաև դիվանագիտական գործունեությամբ, մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ–երի հետ պետք է ճնշում գործադրվի Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նա իր քայլերն առնվազն համապատասխանեցնի մարդու իրավունքների ստանդարտներին։

Բացի այդ, ըստ Սահակյանի, պատժամիջոցների կիրառման առումով նոր հնարավորություններ կարելի է գտնել նաև Միջազգային քրեական դատարանում, հատկապես երբ սեպտեմբերի 19–ի ագրեսիայից հետո ԵՄ–ն ավելի ակտիվ է սկսել քննարկել դրա հնարավորությունները։

  • Կիսվել: