շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ռուսաստանի կողմից ճնշումներն ակնհայտ են իրենց բոլոր դրսևորումներով. ԵՄ ներկայացուցիչը՝ ադրբեջանցիների ձերբակալությունների մասին

Ռուսաստանի կողմից ճնշումներն ակնհայտ են իրենց բոլոր դրսևորումներով. ԵՄ ներկայացուցիչը՝ ադրբեջանցիների ձերբակալությունների մասին

Ռուսաստանի իշխանությունների կողմից ճնշումներն ակնհայտ են իրենց բոլոր դրսևորումներով՝ ինչպես արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, այնպես էլ՝ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Այս մասին ադրբեջանական Report-ի հետ զրույցում Բրյուսելում ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյունքը բռնությունն է, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնք հանգեցնում են մարդկանց մահվան»:

Պատասխանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին, որոնց արդյունքում սպանվել և վիրավորվել են ադրբեջանցիներ՝ Հիփերը նշել է, որ Ռուսաստանի ուժայինների  կողմից էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների վերաբերյալ մտահոգություններն ավելի վաղ հայտնել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն։ Նրա խոսքով՝ դա լիովին համընկնում է ԵՄ պաշտոնական դիրքորոշման հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ, ևս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Բաքուն պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։ Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները սկսել են նաև ձերբակալել երկրում Ռուսաստանի քաղաքացիների։

  • Կիսվել: