շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
«Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին

«Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հուշ երեկոն կազմակերպվել է Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ, որը լրանում է այսօր՝ հուլիսի 4-ին։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հայ և վրացի պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, արվեստասերներ։

Բացառիկ վիդեոկոլաժների, նշանակալի դրվագների և երաժշտական համարների միջոցով հիշատակի երեկոն հուզիչ ու խորհրդանշական ուղևորություն էր դեպի հայ-վրացական թատրոնի և կինոյի անցած ուղի՝ վկայելով երկու ժողովուրդների միջև ձևավորված խոր արմատներ ունեցող մշակութային կապերի մասին։

Միջոցառմանը հանդես են եկել հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերձիթելին, վրացական հայտնի «Թատերական քառյակը» և Դավիթ Մազանաշվիլու երաժշտախումբը, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնների դերասանները։ Երեկոն վարել են Արաքսյա Մելիքյանը (Հայաստան) և Նիկոլոզ Ծուլուկիձեն (Վրաստան): Միջոցառումն իրականացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակում և նվիրված է Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին։

Միջոցառման կազմակերպիչներն են՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը, NNLE Art Air կազմակերպությունը (Վրաստան) և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:

  • Կիսվել: