Երեք նախագահները փաստացի արդարացնում տեռորը, իշխանազավթումը. Կոնջորյան
Եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո այն ժամանակվա խորհրդարանը լեգիտիմ լիներ և արձանագրեր, դատապարտեր, քաղաքական կանոն ֆիքսեր, ես վստահ եմ, որ չէր լինի Մարտի 1-ը, ես վստահ եմ, որ չէին լինի բազմաթիվ քաղաքական սպանությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երեք նախագահները և նրանց քաղաքական թիմերը այս ահաբեկչություների, այս քաղաքական, պետության զավթման իրական շահառուներն են: Եվ դա պատահական չէ: 1994 թվականին պատերազմում հրադադարից հետո ՀՀ ոչ մի նախագահ չի ընտրվել ընտրություններում. ոչ մի, 1994 թվականից հետո բոլոր նախագահական ընտրություննները կեղծվել են: Ո՞նց է եղել, որ էդ հաղթող նախագահներին երեքին էլ ժողովուրդն ասել է՝ չէ, ձեզ մերժում եմ, ու ո՞նց է եղել, որ մեր ՛՛պարտվող՛՛ վարչապետին, որին ասում եք՝ պարտվել է, ժողովուրդն ընդամենը մի քանի ամիս հետո ասել է՝ ես քեզ ընտրում եմ, որովհետև հավատում եմ քեզ:
Ժողովուրդը շատ իմաստուն է, ու ժողովրդի գնահատականն է ավելի ճիշտ: Ինչո՞ւ են երեք նախագահները միասին այսօր փաստացի արդարացնում տեռորը, արդարացնում իշխանազավթումը, որովհետև երեք նախագահները չեն ընտրվել 1994 թվից, զավթել են իշխանությունը, դրա համար իշխանության զավթման գործիքակազմը պաշտպանում են այդ մարդիկ՝ իրենց քաղաքական թիմերով հանդերձ, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանում եթե սպասեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ ջախջախվելու են, դրա համար ուզում են ընտրությունից զերծ, ժողովրդին շրջանցելով լուծել քաղաքական իշխանության գալու հարցը՛՛: