Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալահամերգով
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում տեղի ունեցած գալահամերգով ամփոփվել են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը։ Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Արժևորելով մշակույթի դերը՝ որպես մարդկանց միավորելու, փոխըմբռնման, վստահության և ժողովուրդների մտերմության ու մշակութային երկխոսության նոր հարթակներ բացահայտելու եզակի հնարավորություն՝ նախարարը նշել է. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարամյա մշակութային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, մարդկային շփումների և միմյանց պատմական ու հոգևոր ժառանգության նկատմամբ հետաքրքրության վրա։
Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարևոր հնարավորություն են՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, մեր ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խոր պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները»։
Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի ելույթը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի «Օֆֆլայն» ներկայացումը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի համերգները։




