չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քննություն կարվի կուսակցական էթիկայի առումով․ Արսեն Թորոսյան

Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քննություն կարվի կուսակցական էթիկայի առումով․ Արսեն Թորոսյան

ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի առնչությամբ քննություն կարվի նաև կուսակցական կարգապահության տեսանկյունից։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ունենք կուսակցությունում ինստիտուտներ, որ գործել են և գործում են։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց ենք, ցավոք սրտի, կուսակցությունից հեռացրել տարբեր պատճառներով։ Երբ կլինեն որոշումներ մեր մասով, այդ մասին հայտնի կդառնա»:

Թորոսյանն ընդգծեց, որ այս փուլում 2 ուղղությամբ գործընթացներ պետք է իրականացվեն․ մեկը քրեաիրավական գնահատական տալու և մեղավորներին (եթե այդպիսիք կան) պատասխանատվության ենթարկելու համար, մյուսն էլ կուսակցական կարգապահության տեսանկյունից։

Ինչ վերաբերում է Ավետ Կոնջորյանի եղբորը՝ Հայկ Կոնջորյանին պատասխանատվության ենթարկելու հարցին, Թորոսյանը դա տեղին հարցադրում չի համարում։ Ըստ նրա՝ միայն ազգակցական կապը կամ նույն ազգանունն ունենալը չի ենթադրում մեղավորության կանխավարկած։

Թորոսյանի խոսքով՝ իր համար անընդունելի է ցանկացած բռնություն և կուսակցական էթիկայի կանոնագրքի խախտում։ Նա պնդեց, որ եթե պարզվի, որ նման բան է եղել, համապատասխան որոշումներ կկայացվեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին:

Ըստ լրատվամիջոցների՝ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:

Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդու, սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ 

  • Կիսվել: