Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն. Խանդանյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԱԺ պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի լիագումար նիստում:
«Տիկի՛ն նախագահ,
Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնասյուներից մեկը մասնակից պետությունների միջև համագործակցության հանձնառությունն է: Այն հռչակում է «Պետությունները կնպաստեն բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, կձգտեն ամրապնդել ու երկարաժամկետ հիմքերի վրա կառուցել հարաբերություններ՝ ի շահ ժողովուրդների»:
Այս փաստաթղթի ընդունումից 50 տարի անց, ցավոք, մենք դեռևս չենք հասել այդ նպատակին:
Հայաստանն իր հարևան՝ ԵԱՀԿ անդամ երեք պետություններից միայն մեկի՝ Վրաստանի հետ ունի բաց սահմաններ և դինամիկ համագործակցություն: Մենք գնահատում և խորապես արժևորում ենք այս բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր շահերի, արժեքների և փոխվստահության վրա:
Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ և համագործակցություն նաև մյուս երկու հարևանների հետ: Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն: Մեր երկու երկրները համաձայնել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, և Հայաստանը պատրաստ է այն ստորագրել անմիջապես: Մենք սպասելու ժամանակ չունենք, պետք է գործել արագ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգով և հանուն մեր ժողովուրդների բարօրության:
Հայաստանի ժողովուրդը ցանկանում է նաև ունենալ կարգավորված հարաբերություններ և բաց սահման Թուրքիայի հետ: Ես հավատում եմ, որ երկու երկրների առաջնորդները զգալի առաջընթաց են գրանցել այդ ուղղությամբ: Մենք այժմ ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն: Հայաստանի վարչապետի պատմական այցը Ստամբուլ և հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ քայլ էր վստահության կառուցման ու կարգավորման երկար սպասված պահը մոտեցնելու նպատակով: Այս հարցում եւս մենք չենք կարող ժամանակ կորցնել, և ամենակարևորը՝ չկան անհաղթահարելի խոչընդոտներ:
Մենք բոլորս գիտենք, որ ոչ միայն մեր տարածաշրջանի ժողովուրդներն են շահելու բաց սահմաններից, գործող տրանսպորտային կապերից և տնտեսական համագործակցությունից, այլև ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանը: Խաղաղ և կապակցված Հարավային Կովկասը՝ խաղաղության խաչմերուկը, կարող է ծառայել որպես կենսական կամուրջ՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային և դրանից անդին կապելու համար:
Շնորհակալություն»,- ելույթում ասել է Սարգիս Խանդանյանը: