ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2020
ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ

ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է  ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար եւ վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով ընդունվելու որոշումը մրցույթից դուրս է թողել բարձր միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդների: Նրանք առաջարկել են քննարկել բուհերի համապատասխան ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնելու խնդիրը, ինչպես նաեւ դիտարկել երկրորդ կամ երրորդ հայտով հայտարարագրված մասնագիտությունների մրցույթին մասնակցելուն վերաբերող  հարցերը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունն այս օրերին բազմաթիվ նամակներ եւ դիմումներ է  ստանում:  Ըստ նրա՝ առկա է մի իրավիճակ, երբ քննության արդյունքում բարձր միավոր ստացած դիմորդը չի կարողանում իր ընտրած մասնագիտությամբ ուսանողի կարգավիճակ ստանալ:  Վահե Էնֆիաջյանը կարծիք է հայտնել, որ կարելի է գտնել հարցի լուծման իրավական տարբերակներ: Նա ներկաներին է փոխանցել խմբակցության փորձագետների եւ իրավաբանների կողմից պատրաստված եզրակացությունը: Վահե Էնֆիաջյանն առաջարկել է ուսումնասիրել փաստաթուղթը եւ համատեղ քայլեր ձեռնարկել հարցի լուծման  ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարին»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: