հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ազգային արխիվի տնօրենը մասնակցել է արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդի 18-րդ նիստին

Ազգային արխիվի տնօրենը մասնակցել է արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդի 18-րդ նիստին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հուլիսի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին։

Նիստին մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի արխիվային ծառայությունների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավարներն ու ներկայացուցիչները։

Ըստ աշխատակարգի` քննարկվել են փաստաթղթերի պահպանման և հաշվառման, արխիվների հանրահռչակման, արխիվային գործի ոլորտում նորմատիվ իրավական ակտերի ընդունման, էլեկտրոնային ծառայությունների ներդրման, միջազգային հարաբերությունների, արխիվային ոլորտի նյութատեխնիկական բազայի վերաբերյալ հարցեր և հնչել առաջարկություններ։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գ. Արշակյանը հանդես է եկել «Հայաստանի ազգային արխիվի զարգացումն ու հեռանկարները» և «Փաստաթղթերի վերականգնման և կենսաբանական վնասման պայքարի միջոցները» խորագրով զեկույցներով:

Որոշվել է շարունակել ակտիվ համագործակցությունը արխիվագիտության և արխիվային գործի կազմակերպման փորձի փոխանակման, պետական արխիվային ծառայությունների մասնագետների վերապատրաստման և այլ հարցերի շուրջ:

ԱՊՀ պետական արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի կանոնադրության համաձայն՝ Խորհրդատվական խորհրդի նախագահ է ընտրվել Ուզբեկստանի Հանրապետության «ՈՒԶԱՐԽԻՎ» գործակալության տնօրեն Ուլուգբեկ Յուսուպովը։

Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի հերթական՝ 19-րդ նիստն անցկացնել Ուզբեկստանում՝ քաղաք Սամարղանդում։

  • Կիսվել: