հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր Շողակաթի տոնն է

Այսօր Շողակաթի տոնն է

Օգոստոսի 15-ին Շողակաթի տոնն է՝ ըստ Ս.Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է, հայտնում են qahana.am-ից։

Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, որում Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում:

Պատմական տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը:

1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով:

Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:

Շողակաթ անունը տրվել է Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Սբ. Գրիգորն առաջին անգամ տեսավ լույսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Սբ. Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ Սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվել է նրան և հայերիս մեջ օգտագործվում է որպես իգական անուն: Սբ. Շողակաթ վանքը կառուցվել է XVIII դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք:

Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նվիրական ուխտատեղիներ են Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, իսկ Սբ. էջմիածինը՝ Մայր Աթոռը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայոց հավատի օրրանն ու Սրբություն սրբոցն է:

  • Կիսվել: