ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այսօր մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցն է

Այսօր մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցը։

2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, այն ժամանակվա գործող իշխանությունը համատարած ընտրակեղծիքների ու խախտումների միջոցով ապահովեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը», որից հետո հարյուր հազարավոր հայաստանցիներ դուրս եկան հրապարակ` ի աջակցություն ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի և մերժելով իշխանության յուրացումը։

10 օր շարունակ մայրաքաղաքի կենտրոնում շուրջօրյա ցույցեր էին։ Հզոր համաժողովրդական շարժումը, հայտարարված շուրջօրյա հանրահավաքը իշխանություններին հասկացնել տվեց, որ բռնազավթած նախագահական աթոռը այլևս պահպանել հնարավոր չէ, իշխանությունները դիմեցին բռնության․ նախ՝ մարտի 1-ի լուսադեմին ոստիկանական հատուկ ուժերը հարձակվեցին ու բռնի ուժով ցրեցին Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքները։ Ցերեկը ժողովուրդը հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան ռեժիմը դիմեց զենքի՝ կրակեց սեփական ժողովրդի վրա:

Զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։ Լևոն Տեր–Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցներ ձերբակալվեցին ու շինծու մեղադրանքներով դատապարտվեցին։ Հետագայում այդ քրեական գործերի մեծամասնությունը բողոքարկվեց ՄԻԵԴ–ում, և բեկանվեցին, իսկ Մարտի 1–ի գործով շինծու մեղադրանքներով դատապարտվածներն արդարացվեցին։

2018թ․ Մարտի 1–ի քրեական գորրծը վերաբացվեց, մեղադրանք առաջադրվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, այդ օրերին ԳՇ պետ Սեյրան Օհանյանին՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։ Սակայն երկարատև դատական քաշքշուկներից հետո քրեական օրենսգրքի հոդվածը, համաձայն որի առաջադրվել է մեղադրանքը, ճանաչվեց հակասահմանադրական։ Նաև պարզվեց՝ իրավապահ համակարգում կեղծվել էին Մարտի 1–ին առնչվող ապացույցները։ Այս կապակցությամբ հարուցված քրեական գործը դեռ քննվում է։

  • Կիսվել: