երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև սա ական է մեր ապագայի տակ. վարչապետը բուհական կրթության մասին

Այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև սա ական է մեր ապագայի տակ. վարչապետը բուհական կրթության մասին

Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորեց աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին՝ Սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով և անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին: Նա կարևորեց ՀՀ կրթության մինչև 2023 թվականը զարգացման  պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը։

«Համոզմունքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:  Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում և դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում։ Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: «Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն, և երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշախտանք գտնել: Այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ, ըստ այդմ կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ է կառուցվելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը մեկնարկել է, և ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրի երեխաներ բարձրորակ մանկապարտեզներ, դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա: Ըստ նրա՝ Հայաստանի շատ գյուղեր դատարկվել են այդ ամենի բացակայության պատճառով: Նա նաև կարևորեց  գյուղական կրթահամալիրների ծրագիրը, տաղանդի խրախուսման, պաշտպանության, փնտրտուքի մեխանիզմների ձևավորումը:

«Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել»,-ասաց նա՝ նկատի ունենալով ուսուցիչների ատեստավորման գործընթացը:

 

  • Կիսվել: