Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ավտոմաքսատունը Երևանից Գյումրի չտեղափոխել
Երևանում ավտոներկրող կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու դեմ։
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ պահանջում են կասեցնել ՊԵԿ-ի որոշումը, ըստ որի, Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ այս խնդիրների վերաբերյալ պարբերաբար համապատասխան մարմիներին տեղեկացրել են, բայց կոնկրետ լուծումներ չեն առաջարկվում. «Փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, խնդիրը չի լուծվում»,-ասաց մասնակիցներից մեկը:
Ոստիկաններից մեկն էլ ասաց, որ Ոստիկանապետի պաշտոնակատարը մի քանի հոգու հրավիրում է իր մոտ, որպեսզի խնդիրը հասկանա, սակայն ավտոներկրողները նշեցին, որ իրենք ոչ մի տեղ չեն գնալու, թող ոստիկանապետը գա՝ այնպես, ինչպես նախկին ոստիկանապետը՝Վալերի Օսիպյանն էր անում։
Այդուհանդերձ Տիգրան Հովհաննիսյանը հեռախոսով զրուցեց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Նա նշեց, որ Գյումրիում անհնար է այդքան մեքենաների մաքսազերծումը, և անհրաժեշտ է օր առաջ խնդրին լուծում տալ։ «Այս որոշումը դավադրություն է ՊԵԿ-ի կողմից»,- նշեց նա։
Բողոքի մասնակիցները որոշեցին, որ Ավտոներկրողների միության նախագահն ու ևս մեկ հոգի գնան ոստիկանապետի մոտ, իսկ մյուսները կսպասեն։ Եթե խնդրին լուծում չտրվի, ապա ճանապարհներ կփակեն։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի տարածած հայտարարության համաձայն, Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, կամ եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում:
Սա վերաբերում է միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաներին, սակայն չի վերաբերում բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբում ներառված են մինչև 10 մարդ տեղափոխելու համար նախատեսված մարդատար (այդ թվում` բեռնամարդատար) տրանսպորտային միջոցները:
Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում: Դրանք են 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ ներառող ԱՏԳ ԱԱ 8702, բեռնատարներ ներառող ԱՏԳ ԱԱ 8704 և հատուկ նշանակության ավտոմեքենաներ ներառող ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային խմբերում դասվող ավտոմեքենաները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8703 խմբի այն ավտոմեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնարկղերով:
Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: