ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Աստղիկ» ԲԿ-ի հաջողության գրավականը՝ տնօրեն Ասատուր Ասատրյանի և պրոֆեսիոնալ թիմի պատասխանատու և անձնվեր աշխատանքն է․ հիվանդները ԲԿ-ի հաջողությունների մասին

«Աստղիկ» ԲԿ-ի հաջողության գրավականը՝ տնօրեն Ասատուր Ասատրյանի և պրոֆեսիոնալ թիմի պատասխանատու և անձնվեր աշխատանքն է․ հիվանդները ԲԿ-ի հաջողությունների մասին

Աշխարհի առաջատար բուժհիմնարկների շարքում այս պահից կա նաև հայկական անուն. «Աստղիկ» Բժշկական կենտրոնը Հայաստանում միակն է, որը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ոսկե ստանդարտ՝ JCI որակավորում երեք տարի ժամկետով։

Սա ենթադրում է համակարգի և ենթակառուցվածքների բարելավում, սարքավորումների արդիականացում, մարդկային  գործոն, բժշկական անձնակազմի պրոֆեսիոնալիզմ եւ հստակ ընթացակարգեր։ «Աստղիկ» ԲԿ-ի աշխատելաոճը լիովին համապատասխանում JCI-ի սահմանած ամենաբարձր ստանդարտներին։ Կարեւորը բուժառուի անվտանգությունն է, այս սկզբունքով են առաջնորդվում ԲԿ-ում, համոզված լինելով, որ այս բարձր միջազգային որակավորումը կարեւոր է ինչպես իրենց, այնպես էլ մեր երկրի առողջապահահական ոլորտի համար։

«Ուսումնասիրելով համաշխարհային փորձը հասկացանք, որ բավական չէ ունենալ լավ նորոգված մասնաշենքեր, լավ սարքավորումներ, լավ մասնագետներ։ Այդ ամենի հետ միառժամանակ հարկավոր է ունենալ ստանդարտներ։ Հինգ տարվա ընթացքում մենք այդ ստանդարտներով ապրում էինք եւ այդ ստանդարտներով աշխատում։ Բայց մեզ պետք էր անպայման ստանալ այդ JCI որակավորման սերտիֆիկատը, որպեսզի համաշխարհային  ճանաչում ստանանք>>,- իր խոսքում նշում է Աստղիկ բկ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը` ընդգծելով, որ այդ նշաձողին հաջողվել է հասնել պրոֆեսիոնալ թիմային աշխատանքով։

JCI որակավորում կարող են ստանալ այն բկ-ները, որոնք իրենց զարգացման արդյունքում ստացել են ISO 9001 որակավորում։

Թեմային անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության վերջին նիստում: Ինչպես նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  սերտիֆիկատը հավաստիացնում է, որ այդ կենտրոնում հիվանդների անվտանգության հաշվետվողականության, հիվանդների վարման գործընթացը ենթարկվում են որակի վերահսկման մեխանիզմների։

Արձագանքելով այս փաստին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, մասնավորապես, նշել է. «Նշանակում է՝ կարելի է հստակ ասել այս նախադասությունը՝ Հայաստանում կա բժշկական կենտրոն, որը, միջազգային ստանդարտներին համապատասխան, բժշկական ծառայություններ է մատուցում։ Ուրախալին այն է, որ դա հավաստում են միջազգային ինստիտուտները, և մեր մյուս ԲԿ-ները կգնան այս ճանապարհով։ Գովազդային հատվածը նշեցի, բայց կա նաև ուրիշ կողմ՝ մենք ուրիշ ԲԿ-ների դրդում ենք, որ նրանք էլ գնան ու այդ համակարգով անցնեն»։

Վարչապետի ընդգծմամբ՝ Հայաստանը արդեն կա միջազգային քարտեզի վրա՝ որպես առողջապահական տուրիզմի մաս։ «Եթե սերտիֆիկատ է տրվում, դա չի նշանակում, որ սրտի վիրահատության դեպքում երաշխավորում է որակը, բայց ատամնաբույժի դիմելիս անկանխատեսելի հետևանքներ կարող են լինեն։ Մեր խնդիրն է, որ Հայաստանում առողջապահական հիմնարկներ լինեն, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին»,- շեշտեց գործադիրի ղեկավարը։

Ւր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց. «Սա, ըստ էության, ստանդարտներ են, որ մենք պետք է ձգտենք։ Այն լրացուցիչ դրական ազդեցություն ունի․ եթե ես դրսում ունեմ առողջապահական ապահովագրություն, գալիս եմ Հայաստան, կարող է իմ ապահովագրական ընկերությունը չճանաչի, որովհետև տեղյակ չէ՝ եթե ես գամ, այստեղ ինձ հետ դեպք պատահի, ով է դա կառավարելու։ Հիմա, եթե սերտիֆիկացվում է կառույցը, նշանակում է, որ ԲԿ-ն դառնում է դեպքի կառավարիչ տվյալ երկրում։ Զբոսաշրջիկը գալիս է Հայաստան և արդեն գիտի, որ այստեղ կա ԲԿ, որը կսպասարկի նույն մակարդակով»։

Ի վերջո, որն է «Աստղիկ» ԲԿ-ի հաջողության գրավականը: Այս հարցը փորձեցինք պարզել հենց ԲԿ-ի այցելուներից:  Նրանք փաստում են, որ «Աստղիկ» Բժշկական Կենտրոնը զարգանում է օր-օրի` մատուցելով բազմապրոֆիլ, բարձրակարգ ծառայություններ։ Ըստ հարցվածների` «Աստղիկ» ԲԿ-ի հաջողության գրավականը տնօրեն Ասատուր Ասատրյանի և պրոֆեսիոնալ, Հիպոկրատի իսկական երդվյալ նվիրված թիմի պատասխանատու և անձնվեր աշխատանքն է, ովքեր ցանկացած հիվանդի վերաբերում են յուրովի, ապրում են նրանց խնդիրներով, ուրախանում արձանագրած դրական դինամիկայով:

  • Կիսվել: